Բաժիններ՝

Հայաստանի արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպմանը խոսել է կառույցի անհարկի քաղաքականացման հետևանքների մասին

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Նալբանդյանը շնորհավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ Կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Օդրի Օզուլեն կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։

Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակների՝ մասնավորապես գիտության, կրթության և մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի ընթացքում նշվել է, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում Օդրի Ազուլեն բարձր է գնահատել երևանյան գագաթաժողովի կարգախոսի և քննարկման հիմնական թեմաների ընտրությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս