Չոր փաստեր՝ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցողի մասին
Մխիթարյանի մասին ամեն օր կարդում ենք հարյուրավոր հրապարակումներ: Ցանկացած նորություն բուռն քննարկվում է և մեկնաբանվում ամենատարբեր ձևերով:
Եզրակացություններ և հապճեպ ենթադրություններ չանելու համար առաջարկում ենք ծանոթանալ Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին չոր փաստերի, որոնք կօգնեն ամբողջովին հասկանալ՝ ինչ է կատարվում:
• Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես կորավ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից վերջին 2 ամսվա ընթացքում: Ժոզե Մոուրինիոն ակնհայտ ասում է, որ իրեն դուր չի գալիս հայ ֆուտբոիստի մարզավիճակը. «Ես գոհ չէի նրա խաղից վերջին ժամանակներում: Խոսքը ոչ թե մեկ-երկու, այլ երեք, չորս, հինգ խաղերի մասին է»:
• ESPN-ի տվյալներով՝ Մխիթարյանն ու Մոուրինիոն վիճել են: Դա տեղի է ունեցել «Բրայթոնի» հետ խաղից հետո: Մոուրինիոն դժգոհ է եղել հայ ֆուտբոլիստի խաղից և արտահայտել է իր դժգոհությունը հանդերձարանում՝ բոլորի ներկայությամբ: Դրանից հետո Մխիթարյանն ու Մոուրինիոն շարունակել են բուռն քննարկումները մանչեսթերյան ակումբի բազայում: Դրանից հետո Մխիթարյանը չի խաղում:
• Կոնֆլիկտը տեղի է ունցել նոյեմբերի վերջին, սակայն ամսվա սկզբից էլ Մխիթարյանն ու Մոուրինոին չէին հասկանում իրար: Ամեն ինչ սկսվեց «Չելսիի» հետ խաղում Մխիթարյանի փոխարինումից: Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերի խոսքով՝ Մխիթարյանի հետ մանչեսթերյան ակումբը խաղում էր 10 հոգով:
• Մխիթարյանը շատ լավ սկսեց մրցաշրջանը՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Նա մեկնարկեց շատ լավ,- շեշտել է Մոուրինիոն,- նրա խաղը արդյունավետ էր: Սակայն պրեսինգը, թիմին օգտակարությունը գնալով քչանում էին: Դա բավական է ֆուտբոլիստին մեկնարկային կազմից դուրս մնալու համար: Մյուսները աշխատում են իրենց տեղը գտնելու համար»:
• Manchester Evening News-ի տեղեկություններով՝ Մխիթարյանը անհատական մարզումներ է անցկացնում լավ մարզավիճակի վերադառնալու համար: Սակայն, նա դեռ հնարավարություն չի ստանում: «Պահեստայինների նստարանին կարող են լինել միայն 6 ֆուտբոլիստներ, և ես աշխատում եմ պահպանել բալանսը: Պահեստայինների նստարանին Բլինդն էր, որ կարող է խաղալ տարբեր դիրքերում, Յանգը: Կիսապաշտաններից Էրերան էր, հարձակվող՝ Իբրահիմովիչը, ինչպես նաև Ռեշֆորդը՝ երկրորդ հարձակվողը և վինգերը: Հիմնական կազմում խաղում էին Մարսիալը, Մատան և Լինգարդը: Եթե ես հայտացուցակում ընգրկեի Մխիթարյանին, այս ֆուտբոլիստներից մեկը կորցնելու էր իր տեղը: Հիմա ես այլ ֆուտբոլիստների եմ վստահում»,- նշել է Մոուրինիոն նախորդ շաբաթ:
• Մխիթարյանի տեղափոխության մասին կան շատ խոսակցություններ, սակայն հստակ առաջարկներ չկան:
«Յուրանքանչյուր ֆուտբոլիստ ունի իր գինը: Ճիշտ արժեքի դեպքում ֆուտբոլիստը կարող է հեռանալ: Սա իմ մոտեցումն է՝ որպես մարզիչ: Եթե իհարկե ղեկավարությանը հետաքրքրում է իմ կարծիքը: Եթե ֆուտբոլիստը ինչ-որ բանից դժգոհ է, կամ՝ նրա համար լավ գումարներ են վճարում, նա կարող է հեռանալ»,- նշել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան