ՀՀԿ-ն միջկուսակցական հուշագիր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միջկուսակցական հուշագիր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ Չինաստանում մասնակցել է այդ երկրի Կոմունիստական կուսակցության կազմակերպած համաժողովին, որին մասնակցել է շուրջ 126 երկրի 200-ից ավել պատվիրակ: Համաժողովի ընթացքում ստորագրվել են միջկուսակցական հուշագրեր, իսկ ՀՀԿ-ն ԱՊՀ տարածաշրջանից միակ կուսակցությունն է, որի հետ ստորագրվել է նման հուշագիր այդ միջոցառման ընթացքում»,- նշեց Շարմազանովը:

Նա հայտնեց, որ ԱՊՀ տարածաշրջանից ընդամենը 5 կուսակցության հետ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ունի նման հուշագրեր, իսկ վերջին համաժողովի ընթացքում ԱՊՀ տարածաշրջանից նման հուշագիր է ստորագրվել բացառապես ՀՀԿ-ի հետ: «Հաշվի առնելով Չինաստանի հսկայական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մեծ դերակատարումը թե մեր տարածաշրջանում, թե առհասարակ գլոբալ քաղաքականության մեջ` սա շատ կարևոր է: Մասնակից 126 երկրներից միայն 30 երկրի կուսակցությունների հետ է ստորագրվել նման հուշագիր և դրանց թվում է եղել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն շարունակելու է ամրապնդել արտաքին կուսակցական կապերը, քանի որ դա իրենց կուսակցական կյանքի ամենակարևոր օղակներից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս