Հայաստանի դատարաններում թղթային փաստաթղթաշրջանառությունը կկրճատվի
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել դյուրին և արդյունավետ դարձնել գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացը, դատարաններում կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը, զարգացնել դատական գործընթացներում, կատարողական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը:
«Նախատեսվում է հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության և այլ փաստաթղթերի ներկայացման գործող ընթացակարգերին զուգահեռ հնարավորություն ընձեռել գործին մասնակցող անձանց հիշյալ փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով»,- ասաց Հարությունյանը: