Մեր երկրից մարդիկ գնում են առավելապես արտագնա աշխատանքի և վերադառնում են. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ժխտում Հայաստանում աղքատության ցուցանիշի վերաբերյալ այսօր հրապարակված վիճակագրական տվյալները` 29.4 %, սակայն համաձայն չէ, որ աղքատությունն ավելացել է։

«Այն նպատակները, այն ծրագրային դրույթները, որոնք դրված են և, առաջին հերթին, աղքատության կրճատման խնդիրները, պետք է դրա հետ կապված լուրջ աշխատանքներ տանենք և կառավարության ուղղվածությունը միտված է նաև դրան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ.Բաղդասարյանը։

Ըստ նրա` գործիքները կիրառվում են, բայց արդյունքը դանդաղ է լինում, իսկ արտագաղթի հարցում պետք չէ համեմատություն անցկացնել Սինգապուրի հետ, այլ կարելի է համեմատել Ֆրանսիայի կամ Շվեյցարիայի հետ: Մեր երկրից, Վ.Բաղդասարյանի կարծիքով, մարդիկ գնում են առավելապես արտագնա աշխատանքի և վերադառնում են:

Թե ովքե՞ր են տնտեսական աճի դանդաղ տեմպերի մեղավորները, Վ.Բաղդասարյանը հորդորեց մեղավորներ չփնտրել. «Տեմպերի դանդաղ լինելը չի նշանակում ձախողել»:

Հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ իշխանավորների հարստացման տեմպերը չեն դանդաղում, օրինակ, իր բիզնեսների մասին էլ տարբեր տեղեկություններ կան, Վ.Բաղդասարյանը պատասխանեց.

«Ես պետք է աշխատեմ, որ բազմապատկեմ այդ բիզնեսները, եթե հնարավորություն ունենամ: Ցավոք սրտի, ժամանակս չի ներում: Երբ որ այս կաբինետից դուրս կգամ, կտասնապատկեմ ու կհարյուրապատկեմ, եթե հնարավորություն ունենամ»:

Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի տվյալների համաձայն` 2016թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4 %՝ նախորդ տարվա՝ 29.8 %-ի համեմատ։

Տեսանյութեր

Լրահոս