Թանկացումները «լավ բան չեն». Խոսրով Հարությունյան
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վերջին օրերին տեղի ունեցող թանկացումներին տեղյակ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ թանկացումները «լավ բան չեն»:
«Որևէ սպառողի նույնիսկ ամենահիմնավորված թանկացումները չեն կարող բավարարել»,- ասաց Հարությունյանը:
Հարցին` քաղաքացիների 45% սովածների առկայության պարագայում Սերժ Սարգսյանն իրավունք ունի՞ կուշտ լինելու, Խ.Հարությունյանը ավելի պարզ հարցով պատասխանեց` որտեղի՞ց այդ 45% վիճակագրությունը:
Ըստ նրա` նման կոնտրաստային հարցադրումը ոչինչ չի տալիս, միայն բորբոքում է կրքերը, իսկ իրականում խնդիրը մի քիչ այլ է:
Պատգամավորի կարծիքով` նախ պետք է վերլուծել թանկացման պատճառները, ազդող ներքին և արտաքին գործոնները:
Թե ինչո՞ւ է քաղաքացին սոված, իսկ իշխանությունը` տեղում, Խ.Հարությունյանը պատասխանեց, որ դրա համար կան քաղաքացիական հասարակություն և ընտրություններ:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը փաստել է, որ ընտրություններն անցել են կեղծիքներով, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց.
«Ես չգիտեմ ԺՀՄԻԳ-ն ինչ է ասել: Մենք էլ ենք իմանում ընտրությունները ոնց են ընթացել: Այդ կառույցը շատ դեպքերում քաղաքականացված որոշումներ է կայացնում»: