11 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Հովհաննես Գալստյանը
«Սա տարվա լավագույն ժամանակն է». շուտով ամեն քայլափոխի կհնչի այս արտահայտությունը՝ միախառնված ամանորյա կախարդական լույսերի փայլի հետ: Բայց 168.am-ը վստահ է, որ ոչ մի ժամանակ չի կարող լավագույնը համարվել առանց լավ ֆիլմերի:
Այս շաբաթ ֆիլմեր առաջարկելու գործընթացին միացել է կինոռեժիսոր և պրոդյուսեր, «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանը:
«Անձնավորություն» (Persona)
Կինոյի և թատրոնի նշանավոր շվեդ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան Ինգմար Բերգմանի էքզիստենցիալ դրամայում բացահայտվում է ժամանակակից աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկը, երբ, չնայած պրոֆեսիոնալ և անձնական կյանքի թվացյալ բնականոն ընթացքին, մարդը հանկարծակի մենության զգացում է ունենում: Հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Ֆոգլերը (Լիվ Ուլման) ներկայացման ժամանակ հանկարծակի լռում է և դրանից հետո դադարում է խոսել մարդկանց հետ:
Հիվանդանոցում պարզ է դառնում, որ նա հոգեկան առողջության խնդիրներ չունի: Բուժքույր Ալման (Բիբի Անդերսոն) պետք է դուրս հանի նրան այդ վիճակից, և նրանք երկուսով գնում են դեպի ծով, որտեղ նրանց սպասվում են դժվարին օրեր:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մահվան դատապարտվածը փախել է» (Un condamné à mort s’est échappé ou Le vent souffle où il veut)
Ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ Ռոբեր Բրեսոնի 1956 թվականին նկարահանած «Մահվան դատապարտվածը փախել է» պատերազմական դրաման իրական պատմություն է ֆրանսիական դիմադրության մասնակցի՝ լեյտենանտ Ֆոնտենի (Ֆրանսուա Լեթերյե), Լիոնում գտնվող Մոնլյուկ բանտից փախուստի մասին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Վերջին շնչում» (À bout de souffle)
Ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմը պատմում է Միշել Պուակարի (Ժան Պոլ Բելմոնդո) մասին, ով ապրուստը վաստակում է թանկարժեք ավտոմեքենաներ գողանալով: Նա երբեք չի մտածում իր արարքների հետևանքների մասին. նա պարզապես ապրում է՝ ինչպես ցանկանում է: Գուցե՝ որովհետև երիտասարդ է և ինքնավստահ:
Բայց մի օր Միշելը սպանում է մի ոստիկանի՝ պարզապես տհաճ հարցաքննություններից խուսափելու համար: Այդ պահից սկսվում են նրա կյանքի անախորժությունները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«8 ½» («Ութ ու կես», «Otto e mezzo»)
Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից 1963թ. նկարահանված իտալական կինոնկարը պատմում է ռեժիսորի ստեղծագործական գործընթացի մասին. ճգնաժամ, որոնումներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, սուբյեկտիվի և օբյեկտիվի անխախտելի հոսք:
Եվ, իհարկե, կանանց լիություն, ովքեր շրջապատում են գլխավոր հերոսին՝ Գուիդոյին (Մարչելո Մաստրոյանի), և բոլորը՝ առանց բացառության, սիրում են նրան:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Կարմիր անապատ» (Il Deserto Rosso)
Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնիի առաջին գունավոր լիամետրաժ ֆիլմը պատմում է Ջուլիանայի (Մոնիկա Վիտտի) մասին, ով իր մեջ կրում է տխրություն և միայնություն: Դատարկված հոգին ասես գորշ, ձանձրալի, արդյունաբերական բնանկար լինի: Ջուլիանան արևի հետ ընթանում է հորիզոնից դուրս…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Գիշեր» (La Notte)
Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնիի կողմից 1961 թվականին նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսները գրող Ջիովաննին (Մարչելո Մաստրոյանի) և նրա կինը՝ Լիդիան (Ժաննա Մորո) են: Ստեղծագործական ճգնաժամ… Զգացմունքների մայրամուտ… Սովորությունների մթնշաղ… Հիվանդանոց, «գիշերվա» մեջ ընկղմված մտերիմ ընկեր… Լույսի անիմաստ որոնումներ. հիշողությունների մթություն, գիշերային ռեստորան, հարուստ երեկույթ: Երիտասարդ Վալենտինան (Մոնիկա Վիտտի)՝ հոգում իր փոքրիկ «գիշերով»: Հուսահատության, հայտնությունների, անկեղծության «հեղեղ»…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բուրժուազիայի համեստ հմայքը» (Le Charme discret de la bourgeoisie)
Իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կինոնկարն իրենից ներկայացնում է բուրժուական անարժեք կյանքի ծաղրական, սյուրռեալիստական էսքիզը: Ֆիլմում երազը և իրականությունը միահյուսված են խենթ իրադարձությունների խճանկարում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ազատության ուրվականը» (Le fantôme de la liberté)
Կինեմատոգրաֆիայի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կողմից 1974 թվականին նկարահանված «Ազատության ուրվականը» ֆիլմն առաջին հայացքից իրար հետ չկապված սյուրռեալիստական դրվագների շարք է: Բուրժուական զույգը դիտում է փարիզյան հուշարձանների լուսանկարները և դրանք պոռնոգրաֆիական համարում: Մոմերով ընթրիքի սեղանի շուրջ հյուրերն աթոռների փոխարեն՝ նստում են զուգարանակոնքերի վրա. տղամարդիկ իջեցնում են տաբատները, կանայք՝ բարձրացնում կիսաշրջազգեստները:
Փոքրիկ աղջիկն անհետանում է դպրոցում, և նրա որոնումները կազմակերպվում են նրա ներկայությամբ և նրա օգնությամբ: Ֆիլմի թիրախը կեղծավորությունն է, եկեղեցին, բանակը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Փարիզ, Տեխաս» (Paris, Texas)
Գերմանացի կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, պրոդյուսեր Վիմ Վենդերսի 1984 թվականին նկարահանած ֆիլմը պատմում է Թրևիս (Հարի Դին Սթենթոն) անունով մի մարդու մասին, ով Մեքսիկայից ճամփա է ընկնում դեպի Տեխաս։ Նա գիտի, որ ունի ընտանիք, բայց չգիտի, որ իր կորչելուց հետո անցել է 4 տարի: Հեռավոր ամերիկյան խորքերում կատարվող որոնումներն ուղեկցվում են Ռայ Քուդերի հիպնոսական երաժշտությամբ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դոգվիլ» (Dogville)
2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-ական թթ. Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։
Քաղաքն ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի, այսպես կոչված, անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սեր» (Amour)
Ավստրիացի կինոռեժիսոր և սցենարիստ Միխայել Հանեկեի դրաման պատմում է ծեր ամուսինների մասին: Ժորժը (Ժան-Լուի Տրենտինյան) և Աննան (Էմմանուել Ռիվա) ամբողջ կյանքը միասին են անցկացրել և հոգ են տարել միմյանց մասին: Այժմ նրանք ութսունն անց են: Աննան հիվանդանում է, և նրա կյանքն աստիճանաբար սկսում է մարել: Ժորժը փորձում է խնամակալներ վարձել, բայց հասկանում է, որ նրանցից չի կարող հոգևոր ջերմություն և զգացմունքների անկեղծություն պահանջել: Թողնելով ուսուցանումը Կոնսերվատորիայում՝ նա ամբողջությամբ նվիրվում է կնոջ խնամքին: Ժորժը չի կարող կնոջը պատկերացնել ծերանոցում, ինչի մասին անընդհատ պնդում է ծնողներին ժամանակ առ ժամանակ այցելող դուստրը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան