Բալիի օդանավակայանը ևս մեկ օր փակ կլինի հրաբխային մոխրի պատճառով
Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը եւս մեկ օր փակ կլինի՝ Ագունգ հրաբխի ժայթքումից օդանավակայանի երկնքում առաջացած մոխրի շերտի պատճառով: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Բալիում ավելի քան 400 ավիաչվերթ է չեղարկվել նոյեմբերի լույս 27-ի գիշերվանից, կղզուց հեռանալ չի կարողանում շուրջ 60 հազար մարդ: Իշխանություններն զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս մնալ հյուրանոցներում:
Նրանք նաեւ կարգադրություն են արել հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող 22 գյուղերի 100 հազար բնակիչների շտապ տարահանման մասին: Վտանգավոր գոտին սահմանված է խառնարանից 10 կիլոմետր շառավղով: Տարածվել է նախազգուշացում, որ անհրաժեշտության դեպքում տարահանումը կարող է իրականացվել պարտադրաբար: Այս պահին արդեն տարահանված է շուրջ 40 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: