Բաժիններ՝

Բացահայտվել են պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների դեպքեր

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր: Արդյունքում մեղադրանք է առաջադրվել 7 անձի:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մուրադ Պողոսյանը զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` նույն մարզի բնակիչ Աշոտ Խամոյանին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խամոյանը համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս, զինակոչիկին զորակոչից ազատելու լիազորություն չունենալով, որևէ գործողություն չի կատարել այդ ուղղությամբ և որևէ պաշտոնատար անձի գումար չի տվել: Արդյունքում` Ա. Խամոյանի որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:

Այնուհետև նույն ՊՆ աշխատակիցը, Ա. Խամոյանից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու իր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս առաջարկել է ավելացնել ևս 4.000 ԱՄՆ դոլար, իբր, իր միջոցով բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մուրադ Պողոսյանը դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ հափշտակել է այն:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խամոյանը, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու և հնարավորության դեպքում զինծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ համաձայնության է եկել Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանի հետ` վերջինիս տալով 1.200 ԱՄՆ դոլար: Կ. Ղորղանյանն էլ, հարցը «կարգավորելու» նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դավիթ Հովսեփյանին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կարեն Ջանիկյանին: Վերջինս էլ կաշառքի դիմաց կազմակերպել է Ա. Խամոյանի որդու տեղափոխումը զորամասից Ստեփանակերտի հոսպիտալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Կ. Ղորղանյանի կողմից կատարված մեկ այլ հանցավոր արարք: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս փորձել է իր ծանոթ պաշտոնատար անձին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Պապ Եփրեմյանին կաշառք տալու միջոցով իր համագյուղացի Ազատ Աբրահամյանին աշխատանքի ընդունել նշված նախարարությունում: Ա. Աբրահամյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, 500 ԱՄՆ դոլար կաշառքը փորձել է տալ ՀՀ ԱԻՆ պաշտոնյային, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Պ. Եփրեմյանը աշխատանքի ընդունելու լիազորություններ չի ունեցել:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Մուրադ Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Աշոտ Խամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Կամսար Ղորղանյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Դավիթ Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով,

Կարեն Ջանիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով,

Պապ Եփրեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով,

Ազատ Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս