«Հայաստանի բնակչության միայն ամեն 6-րդն է սպասում Հայաստան-ԵՄ համաձայնագրին». Սոցիոլոգ
Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում տեղի ունեցող Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:
168.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ ուսումնասիրություն, թե Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է սպասում այս համաձայնագրի ստորագրմանը:
Ի պատասխան՝ սոցիոլոգն ասաց, որ իրենք կատարել են ուսումնասիրություն, թե մարդկանց որ տոկոսն ինչ ուղղությամբ է ուզում՝ Հայաստանը գնա. «Դեպի Եվրոպա և Ամերիկա՝ կողմնորոշված է 16 տոկոսը, 60-65 տոկոսը կողմնորոշված է Ռուսաստանի կողմ, որոշ կողմնորոշում ունենք դեպի Իրան, շատ նվազ՝ Չինաստան, մնացածը կողմնորոշում չունի»:
Ա. Ադիբեկյանի խոսքով՝ իրենք արդեն մոտ 30 տարի ուսումնասիրում են, թե հայերը ո՞ւմ հետ են ուզում զարգանալ, ընկերություն անել. «Ռուսաստանը միշտ եղել է գերակայող դիրքում՝ 60 տոկոսից պակաս չի եղել: Եվրոպան վերջերս մի քիչ աճել է, կազմում է 16 տոկոս»:
Մեր ճշտող հարցին, թե, փաստորեն, ձեր տվյալների համաձայն՝ այս համաձայնագրին առանձնապես չե՞ն սպասում՝ Ա. Ադիբեկյանն այսպես պատասխանեց. «Միայն ամեն 6-րդն է ուզում: Դա է պատճառը, որ եվրոպամետ ուժերը միշտ անհաջողության են հասնում ընտրություններին, երբ որպես կարգախոս՝ ասում են՝ Եվրոպայի հետ միացում, ոչ թե՝ ԵԱՏՄ-ի»: