Բանգլադեշը և Մյանման համաձայնագիր են ստորագրել ռոհինջա փախստականների հայրենադարձության մասին
Բանգլադեշը եւ Մյանման նոյեմբերի 23-ին համաձայնագիր են ստորագրել ռոհինջա փախստականների հայրենիք վերադառնալու մասին, որոնք Բանգլադեշի ճամբարներում են գտնվում Մյանմայի Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո: Այդ մասին հայտնել է UNB գործակալությունը:
«Պայմանավորվածություն Ռաքհայնի նահանգ վերաբնակված անձանց վերադառնալու մասին» համաձայնագիրը Մյանմայի Նեյպիդո մայրաքաղաքում ստորագրվել է Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Աբդուլա Հասան Մահմուդ Ալիի եւ Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի բանակցությունների արդյունքներով:
«Սա առաջին քայլն է: Մենք այժմ ձեռնամուխ ենք լինում մեր աշխատանքի երկրորդ քայլին»,- գործակալությանը հայտարարել է Մահմուդ Ալին փաստաթղթի ստորագրումից հետո:
Փախստականների վերադարձի ժամկետների վերաբերյալ ճշտող հարցին ի պատասխան նա պատասխանել է, որ այդ աշխատանքի «ժամանակային շրջանակների» մանրամասները կհայտնի Դաքքայում: Սակայն անունը չնշված դիվանագետը ճշտել է, որ այս աշխատանքն ավարտելու վերջնական ամսաթիվ չկա: Մինչդեռ Բանգլադեշը հուսով է, որ փախստականների հայրենադարձման գործընթացը կավարտվի մեկ տարվա ընթացքում:
Կողմերը, ինչպես սպասվում է, աշխատանքային խումբ կձեւավորեն արտաքին գործերի նախարարների առաջին տեղակալների մակարդակով, բայց Նեյպիդոյում զգուշավորությամբ են վերաբերվում ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունների մասնակցությանը՝ հրաժարվելով իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններից, նշում է գործակալությունը:
Նոյեմբերի 23-ին կայացած բանակցություններից առաջ Աուն Սան Սու Չժին հերթական անգամ ընդգծել է, որ հարցը պետք է լուծվի երկու երկրների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: