Բաժիններ՝

«Մարդկանց կրճատելու խնդիր կա». Հայկ Նահապետյանը՝ Հայաստանում «Գարդասիլ» պատվաստանյութի ներդրվելու մասին

«ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և նախարար Լևոն Ալթունյանը, մեղմ ասած, իրականությունից հեռու տեղեկատվություն են տարածում՝ «Գարդասիլ» պատվաստանյութը ներդնելու հիմնավորումները տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերլուծաբան, փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նա ներկայացրեց ԱՄՆ գինեկոլոգիայի և մանկաբարձության պրոֆեսոր, «Գարդասիլ» և «Ցերվարիքս» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, պրոֆեսոր Դիանա Հարփերի գնահատականը «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ. «Առաջին տարում 70 տոկոսով վարակված անձի մոտից դուրս է գալիս այդ վարակը, երկրորդ տարում՝ 90 տոկոսով: Այնուհետև այդ 10 տոկոսից 5 տոկոսի մոտ է, որ վարակը վերածվում է  նախաքաղցկեղային երկրորդ և երրորդ աստիճանի ախտահարման: Այդ 5 տոկոսանոց փոքր խումբը, երբ վերցնում է վարակը, պահանջվում է 5 տարի, որպեսզի այդ նախաքաղցկեղային ախտահարմամբ կանանց 20 տոկոսի մոտ վերածվի քաղցկեղի, ու դա բավականին դանդաղ գործընթաց է: Մենք առաջինն էինք, որ այս փաստի մասին բարձրաձայնեցինք, բայց մոտ մեկ ամիս քար լռություն էր: Երբ Հայաստան ժամանեց ՌԴ առողջապահության նախարարը, նա ասաց, որ հիմնավորված չէ, որ այդ պատվաստանյութը կանխարգելելու է»:

Դիտարկմանը, թե նույն Դ. Հարփերը հայտարարել է, որ իր այդ խոսքերը կտրված են եղել կոնտեքստից, Հ. Նահապետյանը պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ Դ. Հարփերի այդ հայտարարությանը:

Նա նաև թվարկեց մի շարք երկրներ, որոնք կա՛մ հրաժարվել են այդ պատվաստանյութն օգտագործել, կա՛մ կիրառման տոկոսը նվազել է. «Ճապոնիայում 2013 թվականին պատվաստանյութի առաջացրած ծանր հետևանքի պատճառով՝ կառավարությունը դադարեցնում է պատվաստանյութի գովազդը, և կիրառման ծածկույթը 70 թվից իջնում է 1 տոկոս, այսինքն՝ մարդիկ չեն գնում անելու: Երկրորդ՝ Դանիայում 2015-16 թվականներին Առողջապահության նախարարությունն արձանագրում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների կտրուկ անկում՝ 49-ից 20 տոկոս, Իռլանդիայում իջնում է 50 տոկոսի, իսկ Ղազախստանը հրաժարվում է կիրառել այն բանից հետո, երբ երկու երեխա հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ըստ ամերիկյան համապատասխան տվյալների բազայի՝ պատվաստանյութն օգտագործելուց հետո գրանցվել է կյանքին սպառնացող վտանգ, հոսպիտալացում, հաշմանդամություն, մահ՝ 7418 դեպք աշխարհում, որից 1940-ը՝ ԱՄՆ-ում»:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե կա՞ կոնկրետ ուսումնասիրություն, որ այդ դեպքերն ուղղակիորեն կապված են եղել տվյալ պատվաստանյութի հետ, Հ. Նահապետյանն այսպես պատասխանեց. «Այո, այն փաստերը, որ ես ներկայացնում եմ, աղբյուրները կան, որտեղ հիմնավորված են»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ են «ինչ-ինչ մարդիկ» շահագրգռված, որ այս պատվաստանյութը մեզ մոտ ընդունվի՝ Հ. Նահապետյանն ասաց. «Միլիարդատեր անձ կա՝ Բիլ Գեյթսը, որը «ԳԱՎԻ» հիմնադրամի ստեղծողն է: Այդ հիմնադրամն իբր օգնություններ է անում, տարբեր երկրներում պատվաստումներ են անում, որ իբր երեխաները չմահանան: Բառացի Բիլ Գեյթսի բառերն եմ ասում՝ «երկրագնդի բնակչությունը կազմում է 6.8 միլիարդ, որը ձգտում է դեպի 9 միլիարդի, ու եթե մենք լավ աշխատանք կատարենք, ապա պատվաստանյութերի միջոցով կկարողանանք կրճատել մարդկանց թիվը 10-15 տոկոսով»: Այսինքն՝ մարդկանց կրճատելու խնդիր կա: Ընդ որում, «ԳԱՎԻ» հիմնադրամի ղեկավար կազմի մեջ է նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: «Գարդասիլ» արտադրող «Merck» ընկերությանն ԱՄՆ-ն դատի է տվել ու շահել է դատը: Պարզվում է՝ նրանց կողմից արտադրվող մի ցավազրկող դեղից 50 հազար մարդ տուժել է, 2500-ը մահացել են, դա նրանց դեմքն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս