ՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի. կառավարությունը պետք է վճարի 12 000 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի նոր վճիռ է կայացրել «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Վճռով ՄԻԵԴ-ը ճանաչել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքը, խախտում և պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը փոխհատուցել դիմողի կրած ոչ նյութական վնասը՝ վճարելով նրան 12.000 եվրո:
Գանգատը քաղաքացի Ալբերտ Մովսիսյանը ներկայացրել է 2009 թվականին՝ բողոքելով առ այն, որ Հայաստանի իրավասու մարմինները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել իր դստեր մահվան առնչությամբ:
Դիմումատուի դուստրը հղիության սկզբնական շրջանում է եղել, երբ կորցրել է գիտակցությունը, նրա մոտ է ջղաձգումներ են սկսվել: Շտապօգնությունը ժամանել է կանչից 40-45 րոպե անց, բժիշկը ռելանիումի և մագնեզիումի երկու ներարկում է արել և աղջկան տեղափոխել հիվանդանոց: Աղջիկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով:
Քաղաքացին ներպետական դատական ատյաններում պնդել է, որ իր դուստրը մահացել է բժշկի անփութության պատճառով, ով նրան հղիության վիճակին հակացուցված քիմիական նյութերի երկու ներարկում է արել: Ըստ նրա, շտապօգնությունն ուշացումով է ժամանել, չի ունեցել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, չի գործել պատշաճ ջանասիրությամբ:
Առաջին ատյանի դատարանը չի ընդունել բողոքը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, Վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության է թողել: