ՍԱՊԾ-ն երկու մանկապարտեզում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ է հայտնաբերել
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ստուգումների արդյունքում ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես՝ նախադպրոցական հաստատություններում խոհանոցները չեն եղել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, ապահովված չեն եղել անհրաժեշտ գույքով կամ լվացման-ախտահանման հնարավորություններով, չեն տարվել վնասատուների դեմ պայքարի կանխարգելիչ աշխատանքներ և այլն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ. բոլոր հանձնարարականները կատարելուց հետո միայն նշված հաստատություններում կթույլատրվի վերագործակել խոհանոցների գործունեությունը: