Կարեն Կարապետյանը համաձայն է՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է

«Այսօրվա մեր իրավիճակում ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն առաջարկելու է վարչապետի թեկնածությունն իր կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ։ Նման քննարկումներ մենք չենք ունեցել։ Այս իսկ պատճառով որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ուղղակի ապարդյուն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ իր և Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և ինքը համաձայնել է 2018թ. լինել ՀՀ փոխվարչապետ

Պատասխանելով հարցին՝ արդյոք համակարծիք է Հանրապետականների այն պնդումներին, որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության թիմ մեկ երաշխավոր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, վարչապետն ասաց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարկանիշների և հայտանիշներին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ։ Մյուս մասնավոր կարծիքների վերաբերյալ հարցրեք իրենցից»:

Հարցին, թե ինչ նպատակ ունի, ցանկանո՞ւմ է 2018թ. հետո մնալ վարչապետի պաշտոնին, թե կարծում է՝ կան ավելի հաջող թեկնածուներ, վարչապետը պատասխանեց. «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ։ Ճի՞շտ է: Հիշո՞ւմ եք։ Իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան կարողություն ունեմ տրամադրելով այդ աշխատանքին: Ի՞նչ եմ ուզում անել՝ (կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչել, ինչի համար նախապես ներողություն եմ խնդրում, կարծում եմ՝ առանձնապես նման բառապաշար չեմ օգտագործում) ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող։ Ինչպիսի որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, շատ պարզ ձևակերպված է։ Մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել (նոր կարգավիճակի ենք անցնում), որտեղ հստակ ձևակերպված է, թե ինչպես կլինի դա»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս