Բաժիններ՝

«2018թ.-ին պետք է ձգտենք 5%-անոց աճի, քանի որ 3%-անոց աճը մեզ համար խնդիրները չի լուծում». Վարդան Արամյան

«2018թ-ին պետք է ձգտենք 5%-անոց աճի, քանի որ 3%-անոց աճը մեզ համար խնդիրները չի լուծում»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ըստ նրա` ԱՄՀ փորձագետների հետ կատարել են խորը վերլուծություն, և հիմնական գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի խելամիտ, հակառակ դեպքում կունենանք խնդիրներ:

Վ. Արամյանը նշեց, որ այս տարի տնտեսական աճը կլինի կանխատեսվածից ավելին: «Ներդրումները հիմնականում գնալու են արդյունաբերության ոլորտ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ծառայությունների մասով միտումները կպահպանվեն, գյուղատնտեսությունը և շինարարությունը որոշակի չափով կվերականգնվեն: «Եթե հաջորդ տարի հասնենք նրան, որ մասնավոր ներդրումներն ավելի շատ աճեն, քան մենք նախատեսում ենք, կարող ենք հավակնել ավելի բարձր աճի»,- նկատեց Վ.Արամյանը:

2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես ներքին պահանջարկի աճով, այնպես էլ արտաքին զարգացումներով: 2018 թ. կանխատեսվում է 2017 թ. համեմատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը:

Վ.Արամյանի խոսքով` ներմուծումը մնում է բարձր, բայց ներդրումային ապրանքներն աճ ունեն, այսինքն` մեքենասարքավորումները մտնում են իրական տնտեսություն և ստեղծում են իրական աճի հնարավորություն:

Նա նշեց, որ այս տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշն աճում է 0.6 կետով, հաջորդ տարի լրացուցիչ 0.4 կետով կբարելավվի: Նրա կարծիքով` դա բալանսավորված է, քանի որ հաջորդ տարի ուժի մեջ է մտնում հարկային նոր օրենսգիրքը: «Մենք ասում էինք, որ 2017-ը կայունացնող բյուջե է։ 2018-ին հիմքեր ենք ստեղծում ավելի բարձր աճի համար»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս