Բաժիններ՝

Կատալոնիայի հռչակած անկախությունը և «Բարսելոնան». ի՞նչ կլինի եվրոպական գրանդի հետ

Կատալոնիայի անկախության հռչակման մասին լուրը կատալոնացիները ընդունեցին՝ որպես տոնական, ոմանք էլ շտապեցին բացել շամպայնի շիշը: Իրականում խորհրդարանի որոշումը չի նշանակում, որ Կատալոնիան պաշտոնապես հռչակվեց անկախ:

Իսպանիայի Սենատը սպառնում է Կատալոնիայի իշխանությանը, որ կսկսի ղեկավարել Կատալոնիան անմիջապես Մադրիդից: Ստացվում է, որ Իսպանիան ոչ միայն չի ընդունում Կատալոնիայի անկախացումը, այլև սառեցնում է նրա ավտոնոմ կարգավիճակը:

Կատալոնիայում տեղի ունեցող դեպքերին հետևում է ամբողջ Եվրոպան՝ ոչ միայն՝ որպես քաղաքական, այլև՝ կարևոր մարզական իրադարձություն, քանի որ եվրոպական լավագույն ակումբներից մեկը կարող է խաղալ այլ առաջնությունում:

Առայժմ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն անդրադառնում կատալոնական ակումբների վրա: Նշենք մի քանի պատճառ:

1. Իսպանիայի իշխանությունները չեն ընդունում Կատալոնիայի անկախությունը, իսկ իսպանական բոլոր ակումբներն Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի ենթակայության տակ են: Ստացվում է, որ կատալոնական ակումբն առանց ֆեդերացիայի թույլտվության չի կարող որոշումներ կայացնել:

2. Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի իրավական նշանակություն չունի ՖԻՖԱ-ում, որպեսզի կազմակերպի սեփական առաջնությունը, կամ որոշում կայացնի խաղալ մեկ այլ առաջնությունում: Իսկ ՖԻՖԱ-ում իրավական հիմքերով դեր ունենալու համար Եվրոպայում պետք է ճանաչեն Կատալոնիայի անկախությունը:

3. Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Սուբիեսը նշում է, որ առայժմ «Բարսելոնան», «Էսպանյոլը» և «Ժիրոնան» միանշանակ խաղալու են իսպանական Պրեմիերայում: «Կարծում եմ, որ մոտակա ժամանակներում ֆուտբոլային աշխարհում փոփոխություններ չեն սպասվում: Մեր նպատակն է՝ այս իրադրությունում պահպանել հանգստությունը: Սա նշանակում է, որ անկախ քաղաքական իրավիճակներից՝ ֆուտբոլը չպետք է դադարի: Քաղաքական գործիչները կարող են լուծել իրենց խնդիրները խաղադաշտից դուրս»,- նշել է Սուբիեսը:

4. «Բարսելոնայի» նախագահ Բարտումեուն հոկտեմբերի 21-ին հստակ նշեց, որ հիմա իր ակումբը չի պատրաստվում տեղափոխվել այլ առաջնություն:

Կատալոնական ակումբն անգամ չի քննարկում հնարավոր տարբերակները: Ըստ Բարտումեուի՝ քաղաքական հարցերը չպետք է խանգարեն ակումբին շարունակել իր ճանապարհը:

Հիմա ամենից բարդ հարցը «Ժիրոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղի կազմակերպումն է, որը կայանալու է կիրակի: Կատալոնիայի ոստիկանությունը նշում է, որ ավելի լավ է խաղը հետաձգվի, քանի որ հնարավոր է՝ լինեն բախումներ: Զիջումների է գնացել նաև մադրիդյան կողմը, քանի որ Արքայական ակումբը Բարսելոնա կմեկնի ավտոբուսով, որի վրա չկա ակումբի տարբերանշանը: Ըստ լրատվամիջոցների՝ այս միջոցով մադրիդցիները ցանկանում են չսադրել մրցակիցներին և նրանց երկրպագուներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս