«Օրենքը կամավորներին հնարավորություն կտա իրենց հետագա աշխատանքում օգտագործել իրենց կամավորական փորձը». Ժ. Սարգսյան
Հայաստանի Հանրապետությունում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքին վերաբերող նոր օրենսդրական կարգավորումներ են մշակվել: Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման շրջանակներում այս մասին խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Ըստ պատասխանատուի՝ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի բացակայությամբ: Նախապես ընդունված հայեցակարգի համաձայն օրենքի նախագիծը մշակվել և շուտով ներկայացվելու է ՀՀ կառավարության աշխատակազմ:
«Ամբողջովին կարգավորված չեն այն իրավահարաբերությունները, որոնք կարող են ծագել կամավորական կազմակերպության և կամավորների միջև: Մենք փորձել ենք հստակ տարանջատել երկու կողմերի իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել ենք երաշխիքներ կամավորների համար: Տարանջատել ենք կամավոր ներգրավող կազմակերպությունը կամավորական կազմակերպությունից՝ նշելով նրանց հստակ տարբերությունները»,-իր խոսքում նշել է պաշտոնյան:
Անդրադառնալով կամավոր աշխատող անձանց հետ կնքվող պայմանագրերին, զրուցակիցը հայտնել է, որ առ այսօր կամավորական աշխատանքներն իրականացվել են առանց կամավոր աշխատանքի պայմանագրի, առանց հաշվառման, առանց կամավորների համար նախատեսված իրավունքների ու պարտականությունների: «Ցանկացած պարագայում պետք է լինի կամավոր աշխատանքի պայմանագիր, եթե կամավորական աշխատանքն իրականացվում է կամավորական կազմակերպության կամ կամավոր ներգրավող կազմակերպության միջոցով: Նրանք պետք է իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները, լինեն պաշտպանված, հաշվառված և կարողանան իրենց հետագա աշխատանքային գործունեության մեջ օգտագործել իրենց կամավոր աշխատանքի փորձը»,-հստակեցրել է Ժորա Սարգսյանը:
Օրենքի նախագծով նախատեսված է կամավոր աշխատանքի պայմանագրի 3 ձև՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանագրերի պարագայում ամրագրվել է, որ կամավորները անպայման պետք է ունենան հանգստի իրավունք և այն չպետք է գերազանցի ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատողների համար նախատեսված օրերի քանակը:
Ներկայացված օրինագծին կամավորների դեմ կամ կողմ լինելու հարցադրմանն ի պատասխան՝ պաշտոնյան նշել է, որ նրանք հիմնականում դրական են արձագանքել, որովհետև իրենց տեսանկյունից այն բացը, որ առկա է այսօր օրենսդրության մեջ՝ լրացվում է: «Նրանք հնարավորություն են ունենում հաշվառվելու, ունենալու որոշակի իրավունքներ ու պարտականություններ: Ունենալով կամավոր աշխատանքի պայմանագիր՝ հետագայում աշխատանքի ընդունման պարագայում հնարավորություն կարող են ունենալ ներկայացնել նաև լիազոր մարմնից տեղեկանք, որը կհավաստի նրանց կատարած աշխատանքը»,-նշել է վարչության պետը:
Այնուհետև, Ժորա Սարգսյանը նշել է մի քանի կարևոր հարցադրումներ, որոնք բխում են օրենքի շրջանակներից՝ անօրինական աշխատողի տարանջատումը վարձու աշխատողից և կամավոր աշխատանք իրականացնողից: Ըստ նրա, եթե չկա կամավոր աշխատանքի պայմանագիր, շատ դժվար կլինի մասնավոր ընկերությունում պարզել աշխատանքը անօրինական է, թե կամավոր: «Չկան այդ փոխհարաբերությունների մասով հստակ տարանջատումներ և չկա ծախսերի փոխհատուցման մեխանիզմների ամրագրում: Կամավոր աշխատանքի հիմնական գաղափարն այն է, որ այն պետք է իրականացվի անվարձահատույց, անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի և շահագրգռվածության»,-մասնավորեցրել է նա:
Զրուցակիցը ներկայացրել է նաև այն ծախսերը, որոնք կարող են ի հայտ գալ կամավոր աշխատանք իրականացնելու ընթացքում՝ անհրաժեշտ գործուղում, համապատասխան արտահագուստ, հեռահաղորդակցության, բջջային կապի, նրանց սարքավորումների ու գործիքների հետ կապված ծախսեր, որոնց մասով կարող է փոխհատուցում լինել:
Հարցին, թե ինչպես են կարգավորվում կամավորի աշխատաժամերը, Ժորա Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով հստակ սահմանված է շաբաթական ու օրական աշխատաժամանակների առավելագույն տևողությունը՝ նպատակ ունենալով աշխատողների առողջության վերականգնման, ինչպես նաև չչարաշահելու հետ կապված իրենց իրավունքները: Նույնը նաև տեղայնացվել է կամավորական աշխատանքի օրենքի նախագծում:
Կամավորի անձնական տվյալների հաշվառման մատյանների հետ կապված, պատասխանատուն հավելել է, որ օրենքով հստակ ամրագրված է իրականացնել կամավորների հաշվառում այն պատճառով, որ եթե կա ոլորտ, որը պետք է կարգավորվի, եթե կան մարդիկ, ում իրավունքները պետք է ամրագրվեն,հետևաբար, պետք է այդ ամենը հաշվառվի:
Օրինագծի վերաբերյալ եղել են տարբեր դիտարկումներ, առաջարկներ և բոլոր օբյեկտիվ, հիմնավորված փաստարկները ընդունվել և ներառվել են նախագծի լրամշակված տարբերակում, ամփոփելով զրույցը՝ նշել է Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: