«Դմիտրի Մեդվեդևը և Կարեն Կարապետյանը երկրորդ պլանի դերասան են». Արամ Սարգսյան

«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իրար շատ նման են բնույթով, ձևով: Եթե թատերական տերմիններով ասեմ` երկուսն էլ երկրորդ պլանի դերասան են, իրենք առաջ են մղվում, երբ առաջին պլանի դերակատարները հոգնած են, քուններն է տանում, կամ Սահմանադրությունն է պարտադրում, հետո սիրով հետ են քաշվում և ժամանակ անցկացնում, ձեռքի հետ էլ՝ հայրենասիրությունից խոսում: Այս առումով նրանք նման են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ արդյունք եղավ Հայաստանի համար ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցից, ինչո՞ւ ներդրումների մասին խոսք չեղավ:

Ըստ նրա` ընդհանուր առմամբ սպասելիքներ, որևէ լուրջ բան չէր կարող լինել: Ա.Սարգսյանի համար զարմանալի էր գազի գնի բարձրացման մասին խոսելը.

«Չգիտեմ` ինչո՞ւ են այդ թեմաները հասարակությունից գաղտնի պահվում, մտածում են` չի իմացվի, կամ ժամանակը գա թանկացնելու, իրենք չեն լինի, ով պաշտոնի կլինի, թող նա ասի, ու այդպես գլուխ կպրծացնեն: Այդ երկու վագոնները, որ բերել են, մենք երկաթգիծը դրա՞ համար էինք տվել կառավարման: Բա միլիոնների ներդրումից էին խոսում, ասում էին` Հայաստանն այն պետությունը չի, որ կարողանա այս երկաթգիծը նորոգել: Բա ի՞նչ են արել էդ երկաթգծում: Արարատ գյուղում իմ տունը երկաթգծի կողքին է, և, երբ ես երեխա էի, նույն վագոններն էին գնում-գալիս, դեռ այն ժամանակ կոտրված ապակիները փոխում էին, իսկ հիմա ավելի վատ վիճակում են: ԵԱՏՄ-ն ինձ հիշեցնում է ՀԱՊԿ-ը, որը չգործող է, իրար մեջ իրար միս են ուտում` բելառուսները՝ ղազախներին, ղազախները՝ ղրղըզներին, և հակառակը, մենք էլ խելոք բալիկի նման ժպտում ենք: Այսինքն` ոչ մի սպասելիք չկա այդտեղից»:

Հարցին` իսկապե՞ս գազի թանկացման մասին պայմանավորվածություն էր եղել նախապես, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ միանշանակ կար, իրենք ասել էին, որ այս գինը ժամանակավոր են տալիս Հայաստանին»:

Կարդացեք նաև

Ընդհանրապես, ըստ Ա.Սարգսյանի, եթե խոսքն ընդհանուր տնտեսական գոտու մասին է, Բելառուսի վարչապետի բարձրացրած հարցը` ընդհանուր էներգետիկ քաղաքականություն ունենալը, արդիական է, կամ հակառակ դեպքում՝ այս տնտեսական միությունը տնտեսական միություն չի: Նա օրինակ բերեց ավիավառելիքի գները.

«Հայաստանում այն 900 դոլար է, Ռուսաստանում` 500 դոլար, դե արի, տեղական ավիափոխադրող, մրցակցի դրա հետ: Ինքն այնպիսի դեմպինգ է անում, որ այստեղից ոչ միայն չեխական ավիաուղիները, նույնիսկ հայկականը, որ տեղացի են, չեն կարող դիմանալ: Հիմա նույն դեմպինգը Ուկրաինայի վրա է գնում: Պատահական չի, որ շվեյցարական ավիաուղիներից սկսած՝ ինչքան կային, այստեղից դուրս եկան, այսինքն` բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո 7-8 ռուսական ավիաընկերություններ մտան, դեմպինգի քաղաքականությամբ ամեն ինչ սրբեցին, քանի որ մրցակցության մեջ հիմնական դերը վառելիքինն է:

Նաև պետք է ընդունենք, որ Էռնեկյանը սպասարկումը բավականին թանկ է անում, պետք է ընդունենք, որ այս ոլորտում լուրջ կոռուպցիա կա, պետք է մտածենք, թե ովքեր են այդ ավիավառելիքը բերում, և ում է գնում այդ շահույթը, որովհետև, ինչպես ասում են, խոսակցություններ կան, որ երկրի առաջին դեմքն է գլխին: Այս կասկածները պետք է փարատվեն»:

Որպես ԵԱՏՄ-ի չգոյության ապացույց՝ Ա.Սարգսյանը նշեց նաև դրանում կապերի հորիզոնական լինելը` Ղազախստան-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան, և այլն, որն ակնհայտ ցույց է տալիս ապրանքաշրջանառությունը` դրա 90-95%-ը Ռուսաստանի հետ է:

Տեսանյութեր

Լրահոս