Facebook-ը հողմային էլեկտրակայան կկառուցի իր նոր կենտրոնն էներգիայով ապահովելու համար. AP
Facebook ընկերությունը մտադիր է կառուցել հողմային էլեկտրակայան, որն էներգիայով կապահովի տվյալների մշակման իր նոր կենտրոնը Նեբրասկայի նահանգի Օմահի քաղաքի արվարձանում: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
Այդ նախագծի իրացման գործում Facebook-ի գործընկերը կլինի Trade Winds Energy ընկերությունը: Ինչպես սպասվում է, հողմային էլեկտրակայանի հզորությունը կկազմի 320 մեգավատ: Դա բավարար կլինի շուրջ 90 հազար բնակելի տներ էներգիայով ապահովելու համար: Ընդ որում՝ կենտրոնի աշխատանքի համար, որը դեռեւս կառուցվում է, կտրամադրվի մոտավորապես 200 մեգավատ:
Մնացած հզորությունն ազատ կլինի ձեռքբերման համար: Facebook-ի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր են 2018 թվականին ամբողջ էներգիայի առնվազն 50 տոկոսն ստանալ էկոլոգիապես մաքուր աղբյուրներից:
Նոր հողմային էլեկտրակայանը հզորությամբ երկրորդը կդառնա Նեբրասկայում: Նահանգում առաջին տեղն զբաղեցնում է Grande Prairie անվանմամբ օբյեկտը, որն արտադրում է 400 մեգավատ էներգիա: Ընկերության տվյալների մշակման կենտրոնը, ինչպես սպասվում է, կառուցվելու է մինչեւ 2020 թվականը: Դրա արժեքը, ըստ տեղական ԶԼՄ-ների գնահատումների, կգերազանցի 300 մլն դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: