Ինչպես Չինաստանը կկարողանա «միջին եկամտի ծուղակից» խուսափել նոր դարաշրջանում
2006 թվականին Համաշխարհային բանկի կողմից առաջին անգամ առաջադրվել էր «միջին եկամտի ծուղակի» հայեցակարգը, որի համաձայն, համապատասխան երկրներում դիտվում է դանդաղ տնտեսական աճ, տնտեսության հետագա դրայվերներ ի հայտ բերելու անհնարինություն, ինչպես նաեւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի դանդաղում:
Համաշխարհային բանկը նման երկրների շարքին է դասում Լատինական Ամերիկայի պետությունների մեծամասնությանը: Ինչպես նշում է «Սինհուա» գործակալությունը, «ծուղակի» հետ կապված մտահոգություն ուներ նաեւ Չինաստանը: Չինաստանի Ժողովրդական համալսարանի տնտեսագետ եւ պրոռեկտոր Լյու Յուանչունը հայտարարել է, որ Սի Ցզինպինի կողմից Չինաստանի կոմկուսի՝ Պեկինում կայացած 19-րդ համագումարում ներկայացված զեկույցում շարադրված լայնամասշտաբ բարեփոխումները կօգնեն երկրին՝ խուսափել այդ ծուղակից:
Նրա խոսքով՝ ՉԿԿ-ի ղեկավարները պայքարում են այն հիմնական խնդիրների դեմ, որոնք ծառացած են տնտեսության առջեւ եւ կարող են լճացնել տնտեսությունը ու արգելակել հետագա կառուցվածքային բարեփոխումը առաջարկի ոլորտում, հսկողության ուժեղացումը ռիսկերի նկատմամբ, մակրոկարգավորման օպտիմալացումը, շուկա մուտքի դյուրացումը եւ ինովացիաների խթանումը:
Սի Ցզինպինը կարեւորել է ուշադրության կենտրոնացումը իրական տնտեսության, դեպի արժեքի ստեղծման գլոբալ շղթայի միջին-բարձր մակարդակ արտադրության առաջխաղացման, մասնավոր բիզնեսի աճի աջակցման, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտի հետագա ազատականացման եւ Չինաստանի՝ որպես նորարարների երկրի կայացման պլանների վրա: «Ես կարծում եմ, որ Չինաստանի համար «միջին եկամտի ծուղակը» խնդիր չի դառնա, եւ մենք պետք է դրանում վստահ լինենք»,-ասել է Լյու Յուանչունը համագումարի շրջանակներում:
Լյու Յուանչունի համար վստահության աղբյուր են երկրի ամուր տնտեսական հիմքը եւ ՉԿԿ-ի կողմից առաջադրված նպատակները: Հայտարարելով նոր դարաշրջան չինական յուրահատկությամբ սոցիալիզմի թեւակոխման մասին՝ Սի Ցզինպինը նախատեսում է «սոցիալիստական արդիականացումը հիմնականում իրագործել» մինչեւ 2035 թվականը, կառուցել «մեծ ժամանակակից սոցիալիստական պետություն», որն աշխարհում առաջատար ազդեցություն կունենա 21-րդ դարի կեսին, ինչպես նաեւ մինչեւ 2020 թվականը վերացնել աղքատությունը ագրարային շրջաններում:
Նման լավատեսությունը հիմնվում է տնտեսության կայունության վրա: Երկրի ՀՆԱ-ն վերջին հինգ տարվա ընթացքում ավելացել է 26 տրլն յուանով (մոտավորապես 3,93 տրլն ԱՄՆ-ի դոլար) եւ ճիշտ ուղու վրա է այս տարի 6,5-տոկոսանոց աճի հասնելու համար: Ծուղակի վտանգը ծագում է, երբ տնտեսության կայունությունը վերածվում է լճացման: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն այն բանի երկյուղներ է ծնել, որ ՉԺՀ-ն կդառնա հաջորդ զոհը, քանի որ 30 տարվա ընթացքում աննախադեպ տնտեսական աճը 2016 թվականին փոխարինվել է այդ ցուցանիշի նվազմամբ մինչեւ 6,7 տոկոս, որն ամենացածրն է վերջին 20 տարում:
«Առանց հետագա բարեփոխումների, հաշվի առնելով արագորեն ծերացող բնակչությունը եւ աշխատուժի կրճատումը, Չինաստանը «միջին եկամտի ծուղակում» կարող է հայտնվել 50 առ 50 հավանականությամբ»,- 2015 թվականին հայտարարել էֆինանսների նախարար Լոու Ցզիվեյը:
«Այսօր ես լիակատար վստահությամբ կարող եմ հայտարարել, որ վերջին երկուսուկես տարվա վճռական բարեփոխումներից հետո Չինաստանի համար դժվար չի լինի խուսափել «միջին եկամտի ծուղակից»,- ասել է նա համագումարում արդեն Սոցիալական ապահովության համաչինական հիմնադրամի վարչության նախագահի կարգավիճակում: Լոու Ցզիվեյն իր լավատեսությունը վերագրում է տարբեր գործոնների, ներառյալ կառուցվածքային բարեփոխումն առաջարկի ոլորտում, կառավարական կազմակերպությունների կրճատումը, ինչպես նաեւ դատական համակարգի եւ ազատ առեւտրի գոտիների բարեփոխումը:
Չնայած այս ամբողջ լավատեսությանը, դեռեւս վաղ է հայտարարել «միջին եկամտի ծուղակի» վտանգից հաջողությամբ եւ իրապես ազատվելու մասին: Համաշխարհային բանկի դասակարգման համաձայն, 2012 թվականին միջին եկամուտների տնտեսությունների մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը կազմում է 1036-ից մինչեւ 12 հազար 615 ԱՄՆ-ի դոլար: 2016 թվականին ՉԺՀ-ում այդ ցուցանիշը կազմում էր 8260 ԱՄՆ-ի դոլար (93-րդ տեղն աշխարհում): Լյու Յուանչունն ակնկալում է, որ Չինաստանը բարձր եկամուտների երկիր կդառնա 2030 թվականին, ճշտելով, որ դա դյուրին խնդիր չի լինելու:
Պեկինի համալսարանից տնտեսագետ Խուան Իպինի կարծիքով՝ էկոնոմիկայի փոխակերպումը տեղի չի ունենա մի գիշերվա ընթացքում: «Մենք պետք է սպասենք այդ նոր, առաջատար ինդուստրիաների կայացմանն ու ամրապնդմանը, որոնք տնտեսությունը կհասցնեն նոր մակարդակի»,-ճշտել է նա: Չի կարելի անտեսել նաեւ ինովացիաները: UBS Group AG շվեյցարական ֆինանսական հոլդինգի վերջին հաշվետվության մեջ ասված է, թե հարկ է, որ ՉԺՀ-ն «պատրաստված է Չինաստանում» սկզբունքը վերափոխի «ստեղծված է Չինաստանում» կոնցեպտի՝ Պեկինի կողմից աջակցվող նոր ուղեգծի»:
«Կառուցվածքային բարեփոխումները եւ ներքին սպառման ընդլայնումն անբավարար են ծուղակից խուսափելու համար, քանի որ Չինաստանին դեռ հարկավոր է սեփական մոտեցումներ մշակել տեխնոլոգիական ինովացիաների նկատմամբ»,-արձանագրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի տնտեսագետ Էդմունդ Ֆելփսը: