«Արձանագրվել են ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր». Կարեն Կարապետյանը հանձնարարեց կիրառել խիստ պատժամիջոցներ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ:
«Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք այժմ գտնվում են մշակման փուլում:
Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև շրջական միջավայրի գերաղտոտվածության դեպքեր:
Մասնավորապես վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում: Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը:
Ելնելով վերոնշյալից՝ հանձարարում ենք արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին առաջինը՝ ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ՝ կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:
Երկրորդը՝ երկուամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման ապահովման օրենսդրական առաջարկություններ»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Նրա խոսքով՝ դեպքեր կան, երբ հենց բնակիչներն են միջամտել՝ ոռոգման խնդիրները լուծելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է համակարգային ուսումնասիրել խնդիրը և բացառել՝ համապատասխան գնահատական և պատժամիջոցներ կիրառելով բոլոր նրան նկատմամբ, ովքեր իրենց ցանկությամբ միջամտում են ենթակառուցվածքային համակարգերին: