«Ինչո՞ւ են մեր զորակոչիկներն այդքան ցածրահասակ ու թերքաշ». Արտակ Զեյնալյան
«Մենք բարձրացնում ենք խնդիր տարկետում ստացողների կամ առողջական վիճակի պատճառով բանակից ազատվողների հետ կապված»,- այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ այս 20-ից ավել տարիների ընթացքում մարդիկ ազատվել են այնպիսի առողջական վիճակների պատճառով, որոնցով մի քանի տարուց ավել չեն ապրում, և չկա հետազոտություն՝ ինչ է այստեղ տեղի ունեցել.
«Ինչո՞ւ են մեր զորակոչիկներն այդքան ցածրահասակ ու թերքաշ, ինչո՞ւ հետազոտություն չի իրականացվում և եզրակացություն տրվում, որ մեր երեխաների մեջ շատ մեծ տոկոս է կազմում երկաթ դեֆիցիդային անեմիան: Այս դեֆիցիդով մարդիկ չեն հավաքում բավարար քաշ, չունեն բավարար հասակ, ու սա միայն զորակոչի խնդիր չի, նրանք նաև ցածր արտադրողականություն են ունենում: Այս նույն խնդիրը կա նաև աղջիկների շրջանում: Միայն սահման պահելու հարց չի, այլ այս մարդիկ ցածր արտադրողականություն են ունենում: Ե՛վ առողջապահության, և՛ կրթական համակարգի լրջագույն խնդիրներ կան, որոնք այս օրինագիծը չի լուծում»: