Բաժիններ՝

Բնապահպանության նախարարությունը՝ անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ ահազանգի մասին

Միջազգային International Animal Rescue կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանի ժամանցի վայրերում անազատության մեջ պահվող գորշ արջերի կեցության պայմաններին, ահազանգելով, որ արջերը հիմնականում պահվում են նեղ, կեղտոտ վանդակներում` սոված վիճակում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ խնդրի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:

«Ահազանգը փոխանցվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ նրանք արդեն զբաղվում են այդ խնդրով: Տեսչական մարմինը կպարզի՝ արդյոք համապատասխանում են այդ արջերի պահման պայմանները ընդունված չափանիշներին»,-ասաց նա:

Արմեն Վարդանյանի խոսքով` բնապահպանության նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը հասարակական կազմակերպությունների հետ միասին անցյալ տարվանից «Կենդանական աշխարհի մասին» օրենքում անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիների պահման վերաբերյալ փոփոխություններ է նախաձեռնել: «Օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ օրենքով սահմանված է` մեկ արջի պահման համար նախատեսված տարածքը 25 քառակուսի մետր է: «Սեփականատերը պարտադիր պետք է ունենա արջի պահման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաեւ բժշկի թուղթ` արջի առողջական վիճակի մասին»,-հավելեց Արմեն Վարդանյանը:

Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը ևս օրերս հոդված է հրապարակել Հայաստանի ժամանցի վայրերից մեկում գորշ արջերի պահման անմխիթար վիճակի մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս