«Ադրբեջանը փորձում է այդ երկուսը համատեղել, որն անհնար է». Արմեն Ռուստամյան
«Շատ հստակ է`կամ բանակցում ենք, կամ`պատերազմում ենք: Ադրբեջանը փորձում է այդ երկուսը համատեղել, որն անհնար է: Բնական է, որ մեր կողմից էլ արձագանքը շատ հստակ պետք է լինի` մենք երկու դաշտում էլ պետք է աշխատենք, երկուսին էլ պետք է պատրաստ լինենք»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո սահմաննին առկա նոր լարվածությունը:
Ըստ նրա` Ադրբեջանը միայն մի ձևով է պատկերացնում հարցի լուծումը, որ իր կողմից ոչ մի զիջում չանելով, հարցը պետք է կարգավորվի: Ա. Ռուստամյանի խոսքով` ամեն անգամ հանդիպումների ժամանակ Ալիևը բախվում է պատին և նորից վերադառնում է իր ելակետին:
Թե ի՞նչն էր Սերժ Սարգսյանի լավատեսության պատճառը՝ հարցին, Ռուստամյանը պատասխանեց, որ անձամբ հանդիպմանը չի եղել, բայց կարծում է, որ լավատեսության հիմքը եղել է հանդիպման ժամանակ Ալիևի պահվածքը, որն այլ է եղել:
«Այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը, մանավանդ, մեկ անգամ դա արդեն արել են»,- ասաց Ա. Ռուստամյանը: