Բաժիններ՝

«Այս մեխանիզմը չի նախատեսում կոնկրետ լծակներ, որով մենք պետք է ապահովենք Զինված ուժերի զսպվածությունը և չեզոքությունը ներքաղաքական հարցերում». Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Պաշտպանության մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրինագծի վերաբերյալ իր մտահոգությունները՝ ասելով.

«Մենք ասում ենք, որ Զինված ուժերի անմիջական ղեկավարը Գլխավոր շտաբի պետն է, և նաև օրենքում մենք ունենք առանձին գլուխ Գլխավոր շտաբի մասին, բայց մենք չունենք որևէ նկարագրություն, թե ինչ է Գլխավոր շտաբը, և, եթե օրենքի նախագծի տրամաբանությամբ նայենք, մենք ոչ թե ունենք Գլխավոր շտաբ՝ բառիս հասկանալի իմաստով, այլ ունենք Գլխավոր շտաբի պետ և աշխատակազմ:

Գլխավոր շտաբը պետք է Զինված ուժերի ուղեղային կենտրոնը լինի, բայց մենք այստեղ չենք գրում, ի վերջո, Գլխավոր շտաբի պետը տեղակալներ ունի՞, թե՞ չունի:

Կարծում եմ, որ նաև այս մեխանիզմը չի նախատեսում կոնկրետ լծակներ, որով մենք պետք է ապահովենք Զինված ուժերի զսպվածությունը և չեզոքությունը ներքաղաքական հարցերում:  Ստացվում է, որ մենք Գլխավոր շտաբի կառուցվածքը պարփակում ենք նախարար-Գլխավոր շտաբի պետ-Կառավարություն եռանկյունու մեջ, ու ԱԺ-ն անմասն է մնում այդ պրոցեսից»:

Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ կարծում է՝ Ն. Փաշինյանի մտահոգությունն ավելորդ է. «Նախ՝  չեզոքության մասին հոդված կա, որն ասում է, որ Զինված ուժերը չեզոք են քաղաքական խնդիրներում: Ինչ վերաբերվում է Զինված ուժերի Գլխավոր շտաբին, գործառույթները թվարկված են օրենքում, կառուցվածքը երբեք չի սահմանվել օրենքում, դրանք միշտ կառավարության կողմից հաստատվող կանոնադրություններն են: Ակնհայտ է, որ դուք ճիշտ եք ենթադրում, որ շտաբը պետք է լինի ուղեղային կենտրոն, և դա այդպես էլ գրված է»:

Ն. Փաշինյանն էլ արձագանքեց, որ նախկինում էլ է գրված եղել Զինված ուժերի չեզոքության մասին, բայց ունեցել ենք Զինված ուժերի շատ կոնկրետ ներգրավում քաղաքական պրոցեսների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս