Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը կընդառաջի հյուսիսային մարզերի ինքնավարության ընդլայնման կողմնակիցներին

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին պատրաստակամություն է հայտնել ընդառաջել Վենետոյի եւ Լոմբարդիայի մարզերի ինքնավարության ընդլայնման կողմնակիցներին: Նրա խոսքը հոկտեմբերի 24-ին մեջբերել է ANSA գործակալությունը։

«Ես հետաքրքրությամբ, հարգանքով ու պատրաստակամությամբ եմ հետեւում այն բանավեճին, որը ծավալվել է ինքնավարության շուրջ հանրաքվեների անցկացմամբ,- ասել է Իտալիայի վարչապետը:- Ես պատրաստ եմ ընդառաջող քայլեր անել»:

Իտայիայի Վենետո եւ Լոմբարդիա հյուսիսային մարզերի բնակիչները հոկտեմբերի 22-ին կայացած հանրաքվեներում հանդես են եկել երկրի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին: Վենետոյում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 59,7 տոկոսը: Նրանց՝ շուրջ 98 տոկոսն արտահայտվել է ինքնավարության օգտին: Հարեւան Լոմբարդիայում անցկացված համանման հանրաքվեի արդյունքներով՝ բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հանդես է եկել կենտրոնական կառավարությունից մարզի ինքնավարության օգտին:

Տարածաշրջանում հանրաքվեին մասնակցությունը կազմել է ավելի քան 40 տոկոս: Վենետոյում եւ Լոմբարդիայում հանրաքվեները խորհրդատվական բնույթ են կրում եւ ուղղակի կամ անհապաղ ոչ մի ազդեցություն չունեն դրանց կարգավիճակի վրա: Ինքնավարության աջակցման դեպքում տարածաշրջանների ղեկավարները ժողովրդի մանդատն են ստանում կառավարության հետ բանակցություններ սկսելու համար, ինչպես որ նախատեսված է Իտալիայի Սահմանադրությամբ:

Վենետոն եւ Լոմբարդիան միասին կազմում են Իտալիայի տնտեսության մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս