Բաժիններ՝

Սոբչակը պատմել է, թե ինչու է մտադիր մասնակցել նախագահի ընտրություններին

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ չի հավակնում պրոֆեսիոնալ քաղաքական գործչի դերին, բայց ցանկանում է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնի իր սերնդի ձայնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Այսօր ես ցանկանում եմ բացատրել եւ պատասխանել ձեր այն հարցերին, թե ինչու ես ընդունեցի այդ որոշումը: Ես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չեմ, ես անտարբեր մարդ չեմ, ես լրագրող եմ, ես հասարակական գործիչ եմ: Ես այն մարդն եմ, որը երկար տարիներ հայտնում էր իր դիրքորոշումը, իր դժգոհությունը եւ իր անհամաձայնությունն այն բանի հետ, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Ես բնավ չեմ հավակնում պրոֆեսիոնալ քաղաքական գործչի դերին, բայց ինձ համար կարեւոր է, որ այս ընտրություններում, այս համերկրային ընտրություններում լսելի դառնա իմ սերնդի ձայնը»,-ասել է Սոբչակը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Նա նաեւ հայտարարել է, որ այժմ չի պատրաստվում ստեղծել որեւէ քաղաքական կուսակցություն: «Ես այժմ որեւէ կուսակցություն չեմ ներկայացնում, եւ հենց այժմ չեմ պատրաստվում կուսակցություն ստեղծել»,-ասել է Սոբչակը:

Ռուսաստանի նախագահի հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի մարտին, ընտրարշավը պետք է մեկնարկի 2017 թվականի դեկտեմբերին: Նախագահի ընտրություններին կարող են մասնակցել 35 տարին լրացած քաղաքացիները: Նոյեմբերին Քսենիա Սոբչակը կդառնա 36 տարեկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս