Բաժիններ՝

Գյումրիում կգործի վերազինված լաբորատորիա

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև ծառայությունները կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում:

Գյումրիում կգործի վերազինված և նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին, սպասարկումն էլ կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով:

Հոկտեմբերի 18-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և մարզային կենտրոնի պետ Անուշ Մնացականյանը բացեցին վերանորոգված կառույցը:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, այլ պատգամավորներ:

Նորացված կենտրոնը կդյուրացնի ընթացակարգերը սպառողների և տնտեսվարողների համար:

Վերազինված լաբորատորիան՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը, անհրաժեշտ փորձաքննությունները կկատարի տեղում:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հայտարարեց.

«Շիրակը բավական մեծ մարզ է, ունի պարենային ապրանքների սպառման մեծ ծավալ, և սննդամթերքի անվտանգության ապահովման առումով այստեղ շատ անելիքներ կան»:

Մարզերում շիճուկաբանական հետազոտությունները լավագույնս իրականացնելու նպատակով 2017 թվականին նախաձեռնվել է լաբորատորիաների մարզային կենտրոնների՝ վերջին սերնդի սարքավորումներով հագեցվածությունն ապահովելու գործընթաց:

Սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության պետ Վահե Դանիելյանը ներկայացրեց ՍԱՊԾ առաջնահերթությունները, Շիրակի մարզի խնդիրները:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս