Սորոսը 18 մլրդ դոլար է փոխանցել իր բարեգործական հիմնադրամին
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ եւ միլիարդատեր Ջորջ Սորոսը ավելի քան 18 մլրդ դոլար է փոխանցել Open Society Foundations («Բաց հասարակություն») հիմնադրամին: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հիմնադրամի ներկայացուցիչներին:
Open Society Foundations-ն այժմ տնօրինելու է Սորոսի կարողության մեծ մասը եւ, ըստ երեւույթին, կդառնա ԱՄՆ-ի երկրորդ խոշորագույն մարդասիրական կազմակերպությունը Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո: Հիմնադրամը 40 կազմակերպություններից բաղկացած ցանցի միջոցով գործունեություն է իրականացնում տարբեր երկրներում՝ զբաղվելով փախստականների, առողջապահության, ազգային փոքրամասնությունների աջակցությամբ:
Սորոսը, որն 87 տարեկան է, չի պատրաստվում առեւտրական գործառնություններով զբաղվել Open Society Foundations-ին պատկանող միջոցներով, նշում են թերթի աղբյուրները: Soros Fund Management ներդրումային ընկերությունում Սորոսն այժմ լիազորությունները բաժանում է Open Society Foundations-ի ներդրումային կոմիտեի հետ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: