«Օֆելյա» փոթորիկը հարյուր հազարավոր տներ է առանց լույսի թողել Իռլանդիայում եւ Մեծ Բրիտանիայում
Իռլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 17-ին փակ են բոլոր դպրոցները, շարունակվում են երկաթուղային եւ ավիահաղորդակցության խափանումները, հարյուր հազարավոր տներ մնում են առանց լույսի, մի մասն էլ՝ առանց ջրի «Օֆելյա» փոթորկի պատճառով, որը շարունակում է մոլեգնել Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության տարածքում։
Էներգետիկական ընկերությունների տվյալներով՝ Իռլանդիայում առանց էլեկտրաէներգիայի է մնում 245 հազար տուն, Հյուսիսային Իռլանդիայում՝ 3,8 հազար, ՈՒելսի հյուսիսում՝ 4 հազար, Շոտլանդիայում՝ 1,1 հազար տուն: Իռլանդիայում 20 հազար տուն մնացել է նաեւ առանց ջրի: ԷլեկտրաԷներգիայի մատակարարման վերականգնումը կարող է տեւել մի քանի օր:
Ափամերձ բազմաթիվ շրջաններում փոթորկի նախազգուշացում է հայտարարված: Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն նաեւ նախազգուշացրել է ափամերձ շրջաններում հնարավոր հեղեղումերի մասին:
Անգլիայի մի շարք շրջաններում երկաթուղային հաղորդակցությունը խախտվել է ռելսերին տապալված ծառերի պատճառով:
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ «Օֆելյա» փոթորկի հետեւանքները կզգացվեն մինչեւ օրվա վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: