Բաժիններ՝

Սահակաշվիլին Կիևում հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել պահանջել Պորոշենկոյի պաշտոնաթողությունը

«Նոր ուժերի ռուխի» առաջնորդ, Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի եկած մարդկանց՝ պահանջել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնաթողությունը։

«Ես կոչ եմ անում կիեւցիներին՝ աշխատանքային օրվանից հետո գալ այստեղ եւ պահանջել, որ Պորոշենկոն մտածի իր պաշտոնը թողնելու մասին»,-հայտարարել է Սահակաշվիլին Գերագույն ռադայի շենքի մերձակա Սահմանադրության հրապարակում ընթացող հանրահավաքում:

Նրա խոսքով՝ «քանի դեռ կա Պորոշենկոն, կլինի աղքատություն, ստորացումներ, ուկրաինացիների ու մանավանդ ուկրաինացի երիտասարդության արտագաղթ»: «Եթե այսօր Պորոշենկոն վերջին անգամ դարձյալ չանսա ձեզ եւ փորձի ժամանակ շահել, ինչը նա անում է երեք տարի, այդժամ ինձ թվում է՝ մեզ բոլորիս հարկ կլինի այս հրապարակից տեղափոխվել բոլորովին այլ վայր»,-ասել է Սահակաշվիլին:

Ներկայում Կիեւում ընթանում են բողոքի ակցիաներ: Ռադայի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցների թիվը հոկտեմբերի 17-ի կեսօրվա դրությամբ շուրջ 4,5 հազար էր, եւս մոտավորապես 1,5 հազար մարդ հանրահավաք է անցկացնում Ուկրաինայի Ազգային բանկի մոտ:

Հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջներն են՝ փոխել ընտրական համակարգը, ստեղծել անկախ հակակոռուպցիոն դատարան, չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս