«Աչքս թող տեսնի». Թևան Պողոսյանը` Ալիև-Սարգսյան պայմանավորվածության մասին. «Առավոտ»

«Վաղվանից պարզ կսկսի դառնալ արդյոք հնարավո՞ր է թուլացնել լարվածությունը, թե ոչ»,- «Առավոտ» թերթի հարցին` ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ժնևում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո, հնարավոր կլինի՞ թուլացնել սահմանում լարվածությունը, որ զոհեր չլինեն, այսպես արձագանքեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ դա խոսքով չեն ապացուցում, այլ գործողություններով: Ըստ Թևան Պողոսյանի, եթե Ադրբեջանը վաղը նորից նոր զենք է գնելու, նորից իր դիպուկահարներին չի քաշելու, ի՞նչ վստահություն, որ նա լարվածությունը փորձում է թուլացնել.

«Ալիևի խոսքի հավատարմությունը դեռ գոյություն չունի: Այլ պարագայում Ալիևը կհայտարարեր`վաղվանից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն եմ սկսում կյանքի կոչել, այլևս սրացումներ տեղի չեն ունենալու, մյուս օրը կսկսի ասել սև ցուցակ գաղափարը հանում եմ, մյուս օրը` դե լավ, օդանավակայանն աշխատեցրեք, դիպուկահարները հետ եմ քաշում: Բայց եթե դրանք միայն խոսքեր են, որևէ գործողություն չի անելու, դրանք այսպես խոսքեր էլ մնում են: Այսօրվա դրությամբ միայն մեկ պայմանավորվածության մասին տեղեկությունը դեռ ոչինչ չի նշանակում:

Ալիևի հետ հարյուրավոր պայմանավորվածություններ են եղել, որոնք գիտենք, որ կյանքի չեն կոչվել: Մենք արդեն հոգնել ենք Ադրբեջանի խոսքերից: Գործողություններին զարկ կտա, հնարավոր կլինի ասել, որ հավաստի էին այդ խոսքերը»:

Դիտարկմանը`դատելով հանդիպման ավարտից հետո հրապարակված լուսանկարներից, Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր էր, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Դա նրանից է, որ հայկական կողմն ավելի բարձր դիրքից է գնացել բանակցելու, դա հասկանալի է: Իսկ ցանկացած բանակցող, որն ավելի վստահ է իր ուժերի վրա, ավելի բարձր տրամադրություն է ունենում»:

Հարցին` այս նոր պայմանավորվածությունը չի՞ նշանակում նահանջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, պարոն Պողոսյանը հավաստիացրեց, թե ինչպես ցանկանա յուրաքանչյուրը կարող է դա մեկնաբանել: Իսկ ներկայիս պայմանավորվածության մասին ասաց. «Ասում եմ` աչքս թող տեսնի: Կտեսնենք, որ Ալիևը հայտարարում է, թե ունեցել եմ նոր զինատեսակների մասին պայմանագիր, հիմա հասկացել եմ, որ գնում եմ հարցի լուծման խաղաղասիրական ճանապարհով, այն չեղյալ եմ հայտարարում, շեշտը դնում եմ վստահության մեխանիզմերի վրա, ուրեմն կտեսնենք պայմանավորվածության արդյունքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս