Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավարը հոկտեմբերի 12–ին հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների 2017 թ. պլանը:

Եթե կարծում եք, որ պետական մարմինների անհասկանալի գնումներն այլեւս զարմանալու առիթ չեն տա, սխալվում եք: Իհարկե, ծաղկեփնջերը, ծաղկեպսակներն ու կոնյակներն այլեւս չեն զարմացնում, բայց պարզվում է՝ Եղեգնավանի համայնքապետարանը որոշել է բյուջեի հաշվին նորապսակ զույգերին մատանիներ գնել:

Ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ընթացակարգով գյուղապետարանը որոշել է 15 հազար դրամով մատանիներ գնել: Ավելի զավեշտալի է նախատեսվող մատանիների քանակը: Ընդգծել են, որ նախատեսում են 14,5 հատ մատանի գնել:

Ընդհանուր առմամբ՝ նորապսակներին մատանիներ գնելու համար բյուջեից 217500 դրամ կծախսվի: Ու քանի որ առջեւում հարսանիք է՝ բյուջեի հաշվին նաեւ կոնյակ ու օղի կգնեն:

Գյուղապետարանը 40 հատ օղի կգնի՝ բյուջեից ծախսելով 48 հազար դրամ, 20 հատ կոնյակ գնելու համար էլ կծախսվի 40 հազար դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս