ԵՄ-ն Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրումից առաջ Հայաստանում աջակիցներ է փնտրում

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին ընդառաջ, որի ընթացքում նախատեսվում է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը, Եվրոպական միությունը հրապարակեց ստորագրվելիք համաձայնագրի տեքստը:

Փաստաթղթի բովանդակության մանրամասն գաղտնազերծումն էական իրադարձություն դարձավ հայաստանյան քաղաքական և փորձագիտական հանրության համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013թ. արդեն ավարտուն տեսք ունեցող ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրն այդպես էլ անհայտ մնաց հայ հասարակության համար, ինչը փորձագիտական հանրությունը մեծ սխալ որակեց՝ պնդելով, որ համաձայնագրից հրաժարումն ընդվզման չարժանացավ, քանի որ հայ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ՀՀ-ԵՄ ինչպիսի համագործակցությունից, դրանից բխող ինչպիսի կյանքից է հրաժարվում:

Սակայն այսօր շուրջ մեկ տարի բանակցված համաձայնագրի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը հասանելի է հայաստանյան հասարակության համար, մանրամասն ներկայացված, թե ինչպիսի հարաբերություններ պետք է ունենա Հայաստանը ԵՄ-ի հետ, և ինչպիսի համակարգ պետք է ունենա Հայաստանն այս համաձայնագրի վավերացման դեպքում: Տեղեկացնենք, որ համաձայնագիրը բաղկացած է 357 էջից (ներածություն և 8 մաս` նպատակներ և ընդհանուր սկզբունքներ, քաղաքական երկխոսություն և բարեփոխում, արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցություն, արդարադատություն, ազատություն և անվտանգություն, տնտեսական համագործակցություն, համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ, առևտուր և առևտրին առնչվող հարցեր, ֆինանսական աջակցություն և խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթներ, Ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթներ): Ինչպես նշվում է համաձայնագրում, փաստաթղթի նպատակներն են՝ ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով ՀՀ մասնակցությունը ԵՄ քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին:

Համաձայնագրի նպատակներից են նաև՝ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների շուրջ քաղաքական երկխոսության շրջանակները՝ խթանելով կողմերի միջև սերտ քաղաքական հարաբերությունների զարգացումը, նպաստելով ՀՀ-ում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, խթանելով, պահպանելով և ամրապնդելով խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելով, սահմանային անվտանգությունն ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև՝ միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով, հաստատել առևտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն, որը համապատասխան ոլորտներում ապահովում է կանոնակարգող կայուն համագործակցություն` ԱՀԿ-ին անդամակցությունից բխող իրավունքներին և պարտականություններին համապատասխան:

«168 Ժամը» եվրոպացի փորձագետների հետ փորձել է վերլուծել համաձայնագրի տեքստի անակնկալ հրապարակման պատճառներն ու համաձայնագրի բովանդակությունն ընդհանուր առմամբ: Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրն ասաց, որ ստորագրման արարողությունից առաջ համաձայնագրի հրապարակումը սովորական և անհրաժեշտ քայլ է, որում թաքնված նպատակներ պետք չէ փնտրել: Ըստ նրա, ԵՄ-ն իր արևելյան գործընկերների համաձայնությամբ հրապարակել է բոլոր այն ասոցիացման համաձայնագրերը, որոնք ստորագրվել են և ներկայումս վավերացման փուլում են:

«Սա համաձայնագիր է, որը վերաբերում է հայ հասարակությանը, այսինքն` որի առաջին թիրախը հայ մարդն է, և ոչ՝ իշխանությունը, նա ևս պետք է ընտրի` ցանկանո՞ւմ է արդյոք նման որակի հարաբերություններ ԵՄ-ի հետ, թե՞ ոչ: Կարծում եմ՝ հրապարակման առաջնային նպատակներից մեկը դա է: Ինչպես տեսաք, համաձայնագիրը բավականին լայն ու լուրջ բովանդակություն ունի, դրանից Հայաստանի հրաժարումը պարզապես հիմարություն կլինի, սակայն այն պետք է բաց լինի հասարակության համար, որպեսզի հրաժարման դեպքում հասկանալի լինի, որ դրանում երրորդ կողմերին սպառնացող կետեր չկան, և դրանից հրաժարումն ըստ էության ոչ այնքան՝ բովանդակային նշանակություն ունի, որքան՝ քաղաքական, ինչպես 2013 թվականին:

Երրորդ, համաձայնագրի ջատագովը, պաշտպանը պետք է կրկին հայ մարդը լինի, ուստի այս հրապարակումը հավելյալ «անվտանգություն» է հաղորդում փաստաթղթին: Չորրորդ, հրապարկմամբ՝ այն քաղաքական շրջանակները, որոնք դեմ են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, չեն կարող սադրանքների դիմել համաձայնագրի բովանդակության վերաբերյալ՝ պնդելով, թե այն դեմ է ՀՀ ազգային շահերին, և այլն»,- ասաց փորձագետը:

Հարցին, թե կա՞ արդյոք այդ անվտանգության անհրաժեշտությունը, Լոռ Դելքուրը պատասխանեց, որ հավելյալ միջոցառումների կարիք այնուամենայնիվ կա, քանի որ ԵՄ-ն պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել մի երկրի հետ, որը ԵՏՄ անդամ է և «ամուր թելերով» կապված է Ռուսաստանի հետ:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ղարաբաղյան հակամարտությանն ու ՀՀ անվտանգությանը, ՀՀ-ԵՄ առևտրային հարաբերություններին վերաբերող հատվածներում ԵՄ-ն բավականին կոնսերվատիվ է, պահպանում է այն դիրքորոշումը, որն ունեցել է վերջին տարիների ընթացքում՝ բացառությամբ առևտրային հարաբերությունների, որտեղ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ երկիր, պարտավորություն է ստանձնում իր չափանիշերը հնարավորինս մոտեցնել Եվրամիությանը:

Ըստ Դելքուրի՝ սա Ռուսաստանին անհանգստացնող ամենակարևոր բաղադրիչն էր Ասոցացման համաձայնագրի դեպքում, որը լուրջ փոփոխությունների է ենթարկվել և ամբողջությամբ հարմարեցվել ՌԴ-ի պահանջներին: Ուստի, նա վստահեցնում է, որ համաձայնագիրը մերժելու պատճառներ չկան:

Համաձայնագրի բովանդակությանն անդրադարձավ լիտվացի փորձագետ Լինաս Կոժալան՝ նշելով, որ բավականին տարողունակ փաստաթուղթ է կազմվել: Նրա կարծիքով՝ համաձայնագրի առանցքը կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլոտներն են: Ըստ Կոժալայի՝ ԵՄ-ն նոր բաներ չի հայտնաբերում այս ոլորտներում, և քաղաքական կամքի պարագայում՝ այնպիսի համակարգ, ինչպիսին ԵՄ-ն է պահանջում, Հայաստանը կունենար: Սակայն, նրա խոսքով, համաձայնագիրը Հայաստանին պարտավորեցնում է ընթանալ ԵՄ փորձի ճանապարհով:

«Իհարկե, «ԵՄ-ի փորձ» ասելով՝ նկատի ունեմ դրա չնչին բաղադրիչը, քանի որ Հայաստանի համար ներկայումս դժվար կլինի ԵՏՄ անդամ լինելով՝ ամբողջ ծավալով ներդնել ԵՄ փորձը, դա ասոցիացված երկրները նույնիսկ պետք է սկսեն իրականացնել հետզհետե, ներդնելով դրան հասնելու՝ ԵՄ-ի առաջարկած աջակցությունն ու գործիքները: Այս ոլորտում ասոցիացված երկրների և Հայաստանի խնդիրը գրեթե նույնն է»,- ասաց Կոժալան՝ պնդելով, որ այս ոլորտում Հայաստանը բավականին լուրջ անելիք ունի, ուստի հետաքրքիր կլինի հետևել Հայաստանի անցնելիք ուղուն, և, թե այն որքանով համատեղելի կլինի ԵՏՄ-ի հետ:

Անդրադառնալով համաձայնագրի՝ էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ Մեծամորում գտնվող հայկական ատոմակայանը փակելու պահանջի մասին դրույթին, որը մտահոգություն էր առաջացրել և որը լայնորեն քննարկվում է փորձագիտական համայնքի կողմից (որպես լուրջ անհիմն պահանջ ԵՄ-ի կողմից, քանի որ այն Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն է), Կոժալան ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես է գործում Մեծամորի ատոմակայանը, ինչպիսի վիճակում է այն, բայց կարող է ասել, թե ինչ դեպքերում է ԵՄ-ն որոշակի լուծումներ առաջարկում և պահանջներ դնում:

«ԵՄ-ն հարցը կոպիտ է դնում, երբ այս կամ այն օբյեկտը բոլորովին չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, առաջարկելով ժողովրդավարական մոտեցում, ինչը ենթադրում է երկխոսություն այդ ուղղությամբ, համապատասխան ֆինանսավորման տրամադրում, բարեփոխում և այդ ոլորտում տվյալ օբյեկտի պահպանություն՝ շատ ավելի բարձր անվտանգությամբ և նշանակությամբ:

Կարծում եմ, որ նույնը վերաբերում է Հայաստանում գտնվող ատոմակայանին: ԵՄ-ն չի կարող դեմ լինել նրան, որ Հայաստանն ատոմակայան ունենա, ավելին, կփորձի աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»,- ասաց Կոժալան:

Նա ասաց, որ ԵՄ-ն համաձայնագրի տեքստը հրապարակել է հայկական կողմի համաձայնությամբ՝ հայ հասարակության համար, որպեսզի գործընթացը հնարավորինս թափանցիկ դիտարկվի:

«ԵՄ-ի տեսանկյունից համաձայնագրի ստորագրումը կարևոր է, քանի որ հայ հասարակությունը պետք է տեղյակ լինի, պետք է աջակցի ԵՄ-ին այս նպատակների իրագործման ճանապարհին: Եթե այն հրապարակվել է, նշանակում է, որ կողմերը, մասնավորապես՝ Հայաստանը, վստահ է, որ խոչընդոտներ չեն լինելու, այդ պատճառով էլ տրվել է համաձայնագրի տեքստը հրապարակելու համաձայնությունը, այլապես ԵՄ-ն դա ինքնուրույն չէր անի, քանի որ միակողմանիորեն չի փորձելու փրկել մի բան, որն առավելապես հակառակ կողմին է անհրաժեշտ»,- նման տեսակետ հայտնեց Կոժալան: Լիտվացի վերլուծաբանի համոզմամբ՝ առաջիկայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի առանցքային իրադարձությունը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս