«Դա ոչ միայն բացարձակ սուտ է, այլ հիվանդ երևակայության արդյունք». Արթուր Գևորգյան
Այսօր լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ Երևանի տոնի առթիվ «Երևան, սիրո քաղաք» նկարով ու տպագրությամբ տոնի մասնակիցներին բաժանված վերնաշապիկները հետ վերադարձնելու խնդիր է դրվել.
«Երևանի տոնի առթիվ «Երևան, սիրո քաղաք» նկարով ու տպագրությամբ մայկաներ էին բաժանվել տոնի մասնակիցներին, որոնք ինչպես ՀՀԿ նախընտրական քարոզ- հավաքներին, այնպես էլ այս անգամ մայրաքաղաքի դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներ էին:
Եվ եթե ընտրություններին այս մարդկանց հրահանգվում է հավաքից հետո գնալ մարդ հավաքագրել ու գնալ իրենց օգտին քվեարկել, ապա այս հավաքին այլ հրահանգ էր իջեցված`գնալ տուն, մայկաները խնամքով ծալել ու հետ վերադարձնել:
Մասնավորապես, հարցը խիստ են դրել որոշ մանկապարտեզների ղեկավարներ: Ի վերջո, ի՞նչ են անելու հագած մայկաները մանկապարտեզների տնօրենները, և Երևան քաղաքի տոնի գլխավոր կազմակերպիչ Տարոն Մարգարյանը տեղյա՞կ է, որ մայկաների հետվերադարձի խնդիր է դրվել` խայտառակելով պատկառելի տարիք ունեցող մայրաքաղաքի տարեդարձը»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից 168.am-ը փորձեց ճշտել, թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը Երևանի տոնի առթիվ «Երևան, սիրո քաղաք» նկարով և տպագրությամբ տոնի մասնակիցներին բաժանված վերնաշապիկները հետ վերադարձնելու հրահանգ տալու մասին շրջանառվող լուրերը: Ի պատասխան հարցի՝ Արթուր Գևորգյանը պատասխանեց.
«Դա ոչ միայն բացարձակ սուտ է, այլ, ես կասեի, հիվանդ երևակայության արդյունք: Թերևս ոմանց հանգիստ չի տալիս այլևս արձանագրված փաստը, որ «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներն, ի հեճուկս նմանների ցանկության, անցել է պատշաճ, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը տոնախմբել են լիարժեք և, որ նույնիսկ աննշան միջադեպ չի գրանցվել:
Նման ապատեղեկատվություն տարածողներին կհորդորեմ կա՛մ հասցեական մատնացույց անել այն մանկապարտեզների տնօրեններին, ովքեր իբր թե նման հրահանգ են տվել, կա՛մ սեփական նախանձն ու չարությունն իրացնելու այլ տեղ և հարթակ փնտրեն»: