Վահրամ Բաղդասարյանի ընտանիքում դժգոհում են կարագի և մսի գնից, հույսները էժան բանջարեղենն է. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթի թղթակիցը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե իշխող կուսակցությունն ինչ գնահատական է տալիս մսամթերքի եւ կաթնամթերքի շուկայում առկա գնաճին:
«Օգոստոս-սեպտեմբերի համեմատությամբ ունեցել ենք զրո տոկոս գնաճ, իսկ սեպտեմբերը սեպտեմբերի համեմատ`մեկ տոկոս: Առանձին ապրանքների մասով համապատասխան մարմինները պետք է կատարեն հետազոտություն` գնաճի պատճառները ճշտելու համար: Դա վերաբերվում է ե՛ւ կարագին, ե՛ւ մսամթերքին: Կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները մեզ համապատասխան պարզաբանում կտան, բայց գնաճը սեպտեմբերին եղել է ընդամենը մեկ տոկոս: Բանջարեղենի առումով էլ մենք ունեցել ենք գների անկում»,- ասել է Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե քաղաքացիներն ասում են, որ չեն կարողանում գնել մեկ կիլոգրամ կարագ, Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչ են ասում իր ընտանիքի անդամները, երբ վերադառնում են շուկայից, արդյո՞ք դժգոհում են, թե՞ ոչ:
«Չկա մի ընտանիք, որ այդ դժգոհությունը չլինի: Երբ կլինի ուսումնասիրությունների պատասխանը ես դրան գնահատական կտամ»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ինչպես հայտնի է, տավարի մսի մեկ կիլոգրամն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ: Կաթնամթերքի շուկայում էլ կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 5000 դրամի շեմը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: