Բաժիններ՝

Ստեփանակերտի «Արմաթ» կենտրոնում զարգացնում են ռոբոտաշինությունը

Ստեփանակերտում արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիան, որտեղ հաճախում է 6-8-րդ դասարանների 70 աշակերտ: Կրթությունն անվճար հիմունքներով է և բաց ինժեներական հարցերով հետաքրքրվող դպրոցականների համար:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Ալբերտ Ծատրյանն ասել է, որ արդեն մեկ տարի է դասավանդում է, և այդ ընթացքում աշակերտները կատարել են իրենց առաջին փորձերը ռոբոտների պատրաստման գործում:

«Ներկայումս մենք ունենք խումբ, որը կարող է պատրաստել ռոբոտներ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում ընդհանուր ոլորտը ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են, որոնք իրենց մեջ ընդգրկում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, էլեկտրոնիկա և ինժեներական կրթություն»,- ասել է Ա. Ծատրյանը և ավելացրել, որ լաբորատորիայի առկայությունն օգնելու է, որ առաջիկա տարիներին Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համալրվի նոր աշխատուժով:

Ներկայումս «Արմաթ» ինժեներեկան լաբորատորիայում կա 7 խումբ: Ա. Ծատրյանի խոսքով՝ առաջիկայում ձևավորվելու է ևս մեկ խումբ: Ուսումնական գործընթացի հիմնական փուլը տևում է մեկ տարի. երեխաները հաճախում են շաբաթական երեք անգամ:

Ռոմա Ղուկասյանը մեկ տարի է, սովորում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ մասնակցում է ուսումնական ռոբոտի պատրաստման աշխատանքներին: «Մինչև ռոբոտի հիմնական պատրաստումը, համակարգչի մեջ 3D մոդելավորման միջոցով ներկայացրել ենք նախագիծը, հետո սկսել դետալների հավաքումը»,- ասել է Ռ. Ղուկասյանը և ավելացրել, որ աշխատանքը թիմային է, որի մեջ ընդգրկված է 5-6 աշակերտ:

Նշենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բացվել է «Ucom» ընկերության և ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս