«Հայբուսակ» համալսարանը բացատրություն կպահանջի Իսրայելի առողջապահության նախարարությունից. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանը պատրաստվում է նամակով դիմել Իսրայելի առողջապահության նախարարություն եւ բացատրություն պահանջել՝ իրենց գործունեության վրա ստվեր գցելու առնչությամբ:

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի եւ առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին եւ Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների արտոնագրման բաժնի ավագ աշխատակից Ավիտալ Վիեներ-Աուրմանին, որոնք մասնավորապես անդրադարձել են «Հայբուսակ» համալսարանին:

«Հայբուսակի» ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանն armtimes.com-ին ասաց, որ Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցիչները երկու օր առաջ հյուրընկալվել են նաեւ իրենց մոտ, եւ նման խնդիր առաջ չի քաշվել:

«Մեզ մոտ այդպիսի կարծիք իրենք չեն հայտնել: Մեզ մոտ ասել են, որ մեր մասնագիտական կրթական ծրագրերը շատ լավն են: Մենք դեռ մայիսին էինք դրանք ուղարկել նախարարություն: Նայել էին, ասացին, որ հրաշալի ծրագրեր են՝ միջազգային ստանդարտներով կազմված»,- նշեց տիկին Հարությունյանը:

Նա նաեւ հավելեց, որ բուհը իսրայելցի ուսանողներ է ընդունել 2015 թվականից սկսած եւ այս ընթացքում ունեցել են մոտ 70 շրջանավարտ, որոնցից ոչ ոք դեռեւս որպես բժիշկ չի աշխատում, քանի որ սահմանված կարգով Իսրայելում քննություն դեռեւս չի հանձնել:

«Բոլոր 70 շրջանավարտները մոտ տասը օր առաջ Իսրայելում ստացել են թույլտվություն մասնագիտական քննություն հանձնելու համար: Դեռ ոչ մի հոգի չի հանձնել, որտեղի՞ց է այդ տվյալը, որ 12 տոկոսն է միայն հանձնում: Որտեղի՞ց է մարդկանց այդ քանակը, որ տոկոսի է վերածվել: Քննություն հանձնած եւ աշխատող շրջանավարտ դեռ չունենք: Չգիտեմ՝ սա ինչ թյուրիմացություն է, որովհետեւ ոչ մի տոկոսի մասին այսօր խոսել հնարավոր չէ»,- հայտարարեց ռեկտորի խորհրդականը:

«Մենք նամակ ենք ուղարկելու եւ կպահանջենք բացատրություն, որովհետեւ պաշտոնյա անձ լինել եւ գալ այստեղ տոկոսներ հայտարարել, նշանակում է ստվեր գցել մեր գործունեության վրա: Ես այդ ստվերի դեմ ոչինչ ասել չեմ կարող, եթե դա լինի փաստերի վրա հիմնված, բայց այստեղ փաստերը դեռ նոր պետք է սկսեն ի հայտ գալ, երբ այդ 70 հոգին կհանձնի քննություն, եւ պարզ կդառնան արդյունքները»,- հակաքայլերի մասին խոսեց «Հայբուսակի» ռեկտորի խորհրդականը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս