ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում Հանթսմանի թեկնածությանը
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեն կողմ է քվեարկել Ջոն Հանթսմանի թեկնածությանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում. թեկնածությունն ուղարկվել է Սենատի հաստատմանը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, կոմիտեի անդամները վավերացրել են Հանթսմանի թեկնածությունը միաձայն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի կեսերին է Հանթսմանի թեկնածությունն առաջադրել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում: ՌԴ իշխանություններն արդեն տվել են նախնական համաձայնություն (ագրեման) Մոսկվայում Հանթսմանի աշխատանքին:
Դեսպանը ծնվել է 1960 թվականին Կալիֆորնիայի Պաոլո-Ալտո քաղաքում: Նա արդեն ղեկավարել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունները Սինգապուրում և Չինաստանում: 1989-1990 թվականներին Հանթսմանը զբաղեցրել է ԱՄՆ միջազգային առևտրի դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնը: 2005-2009 թվականներին եղել է Յուտա նահանգի նահանգապետը: