Ռոբերտ Լևանդովսկին իսպաներեն է սովորում
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է «Ռեալ» տեղափոխվելուն: Վերջին շաբաթներին գերմանական մամուլում ակտիվորեն քննարկվում են շշուկներն այն մասին, որ Լևանդովսկին ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բավարիայից» և տեղափոխվել «Ռեալ»:
Կրակին յուղ ավելացրեց նաև հենց ինքը՝ Լևանդովսկին, ով իր հարցազրույցներից մեկում քննադատել էր մյունխենցիների տրանսֆերային քաղաքականությունը՝ հայտարարելով, որ գերմանական ակումբը պետք է գնի ավելի թանկ ֆուտբոլիստներ, եթե ուզում է հաղթել Չեմպիոնների լիգան:
Նախօրեին Լևանդովսկու՝ Մադրիդ հնարավոր տեղափոխության թեման շարունակել է հեղինակավոր Sport Bild թերթը: Ըստ պարբերականի տեղեկության, Ռոբերտը մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է տեղափոխվել «Ռեալ», դրա համար արդեն սկսել է ակտիվորեն հաճախել իսպաներեն լեզվի դասընթացների:
Ավելի վաղ Ռոբերտը հերքել էր «Բավարիայից» հեռանալու մասին շշուկները՝ «Ռեալի» մասին խոսակցություններն անվանելով «զառանցանք»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը