Հայաստան-Սփյուռք համաժողովին ներկայացվել է «ԱրՄաթը»
Սեպտեմբերի 18-20-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որին մասնակցում են 71 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 1500 պատվիրակներ՝ գործարարներ, ճանաչված մտավորականներ, լրագրողներ և այլ հյուրեր:
Կարևորելով սփյուռքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ընդայնման հեռանկարները, ինչպես նաև «ԱրՄաթը»՝ որպես տեխնոլոգիական Հայաստանի զարգացման գրավական, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ծրագրի տեսլականը, հաջողություններն ու սպասվող արդյունքները:
2014 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է «ԱրՄաթ» ինժեներական համակարգերի գործարկման ծրագիրը:
2016 թվականի մարտից համագործակցության հուշագիր էր կնքվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) և կառավարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև:
«ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և ՀՀ կառավարությունը պետք է ներդնեն համատեղ ջանքեր:
Այսօր արդեն «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են Հայաստանի ավելի քան 160 դպրոցներում: Ինժեներական լաբորատորիաներից օգտվում է ավելի քան 3000 աշակերտ:
«ԱրՄաթը» գործում է անվճար հիմունքներով և բաց է բոլոր դպրոցականների առջև:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսել է մինչև 2019թ. ինժեներական խմբակ-լաբորատորիաներ ներդնել ՀՀ բոլոր դպրոցներում:
Մի շարք դպրոցներում արդեն գործում են ինժեներական խմբակ-լաբորատորիաներ: Ծրագրի հեղինակները նշում են, որ ժամանակակից տեխնիկայով հագեցած ինժեներական լաբորատորիաները հնարավորություն են տալիս բարելավել Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, որն անմիջապես հանգեցնում է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի զարգացմանը, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության, առողջապահության, ֆինանսաբանկային, և այլն:
Ի դեպ, «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները շուտով կլինեն ոչ միայն Հայաստանում: Ռուստաստանի Յարոսլավլ քաղաքում կհիմնադրվի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիան կհիմնադրվի տեղի հայ համայնքի աջակցությամբ: «ԱրՄաթ» ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիայում պատանիները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:
Այս կապակցությամբ Աստղիկ Մկրտչյանը Յարոսլավլից ժամանել է Հայաստան և վերապատրաստվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գրասենյակում Յարոսլավլի «ԱրՄաթում» դասավանդելու համար:
Ի դեպ, Յարոսլավլի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարի վերապատրաստման դասընթացը վարում են ԻՏՁՄ-ի «Բանակից՝ ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի սաները, ովքեր զորացրվելուց հետո կարճ ժամանակահատվածում համապատասխան հմտություններ են յուրացրել ու այժմ իրենց գիտելիքները պատրաստակամորեն փոխանցում են «ԱրՄաթի» խմբավարներին ու սաներին:
Սիրարփի Աղաբաբյան