«Ոչ մի կառուցողական առաջընթաց մենք չենք ակնկալում». Ստանիսլավ Տարասով

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կլինի՞, թե՞ ոչ: Այս հարցը մինչ օրս դեռևս հստակ պատասխան չի ստացել: Հանդիպման մասին արդեն ամիսներ շարունակ հայտարարվում է տարբեր մակարդակներում, սակայն հստակ օրը չի նշվել: ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում այսօր ուշ երեկոյան ելույթ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ենթադրվում էր, որ նախարարների հանդիպման ժամանակ հնարավոր է՝ պայմանավորվածություն ձեռք բերվի երկու պետությունների նախագահների հանդիպման մասին:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, եթե անգամ կայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, ապա դրանից ոչ մի դրական արդյունք չի սպասվում:

«Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան կրակել: Բայց ոչ մի կառուցողական առաջընթաց մենք չենք ակնկալում: Այս միտումների դեպքում, որը, ամենայն հավանականությամբ, կայուն բնույթ է կրելու, շատ քիչ է հավանականությունը, որ կլինի նախագահների հանդիպում: Բայց նախարարները պետք է փորձեն ինչ-որ ոչ ստանդարտ լուծումներ և ուղիներ գտնել»,- ասաց Ս.Տարասովը:

Նրա կարծիքով` Հայաստանը պետք է անցած տարի ապրիլի պատերազմից հետո պահանջներ ներկայացներ Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու համար, մասնավորապես` հասներ նրան, որ բանակցություններում կրկին ուղիղ կերպով ներգրավվեր Ղարաբաղը: Ս.Տարասովի խոսքով` Ղարաբաղը, այսպես թե այնպես, ներգրավված է գործընթացում, քանի որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելությունների ժամանակ այցելում են նաև Ստեփանակերտ, ինչը, պարզ լեզվով ասած՝ նշանակում է, որ դե ֆակտո Ստեփանակերտը ճանաչվում է՝ որպես հակամարտության կողմ.

«Պետք է իրերն իրենց անուններով կոչել: Այժմ ամեն ինչ դիվանագիտական հայելային խառնաշփոթ է: Եվ մի հանգամանք էլ կա. շուրջ 20 տարի բանակցություններ են ընթանում, և այս ամբողջ ժամանակ դրանք փակ են, գաղտնի բնույթ են կրում: Բայց չէ՞ որ սա ինչ-որ մի գործարանի, պայմանագրի ճակատագիր չի լուծվում, խոսքը ժողովուրդների ճակատագրերի մասին է: Ինչքա՞ն կարելի է նման կարևորության հարցերը քննարկել կուլուարներում: Իհարկե, ինչ-որ փուլում կարելի է գաղտնի բանակցել, մշակել ծրագրեր, բայց վաղուց ժամանակն է այդ ամենը հրապարակայնացնելու»:

Տեսանյութեր

Լրահոս