Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը քաղաքի տրանսպորտն անվճար կդարձնի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ Գորիսի նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի 26-ամյա որդուն՝ Առուշ Առուշանյանին: Ինչպես արդեն անդրադարձել էինք, վարչապետի այս որոշումն այնքան էլ գորիսեցիների սրտով չէր, քանի որ նորանշանակ քաղաքապետը, չնայած երիտասարդ տարիքին, օրինակելի վարքով չի փայլում:
Նրան մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, «էնպես է աշխատելու, որ չուզողների աչքերը հանի: Էդ գիտեին, թե մենակ Ադունցն է, հա, որ գործ կարա անի, գործը հեսա կտենաք որն է»: Նա ընդգծեց, որ հենց այսօրվանից քաղաքապետը միջքաղաքային տրանսպորտն անվճար է դարձնում: Մեր հարցին, թե այդ ինչպես և ում հաշվին, հետևեց պատասխանը, «Իր: Մարդն իր հաշվին իր քաղաքի համար բարեգործություն է անում, քիչ է արել»: Տեղեկությունը հաստատեցին նաև քաղաքապետարանից:
«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նոր «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսներ է ներմուծել Գորիս, այսօրվանից դուրս կգան երթուղի և շուրջ 15 ուղղությամբ ուղևորափոխադրում կիրականացնեն անվճար»,- հայտնեց քաղաքապետարանի աշխատակցուհին: Հետաքրքիր է` ինչ միկրոավտոբուսներ և որտեղից է ներմուծել Առուշ Առուշանյանը, այն էլ` մի քանիսը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չպատասխանեց մեր զանգերին:
Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ էլ` առաջին հարցը, որ բարձրացրել են նոր քաղաքապետին, կադրային փոփոխությունն է: «Ասաց, որ լավ աշխատեք, ոչ մեկիդ էլ չեմ ազատի, որ սկզբունքներին համապատասխանեք, կմնաք»,- հույս փայփայելով եւ այլեւս չտրտնջալով` ասաց նա: Մեր տեղեկություններով, այս օրերին Առուշ Առուշանյանը փորձել է հետ բերել նախկին քաղաքապետի այն կադրերին, ովքեր ինքնակամ ազատման դիմում էին գրել: Ի դեպ, մեր լուրն այն մասին, որ երիտասարդի ողջ մարմնի վրա դաջվածքներ են, քաղաքապետը ծանր է տարել, նա, ասում են, պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որ ազատվի դաջվածքներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։