«ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի
«Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրով «ԱրմԹեք» համաժողովը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ է, որն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի նպատակն է՝ լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:
Այս տարի «ԱրմԹեք» համաժողովը անցկացվելու է սեպտեմբերի 27-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ «ԱրմԹեքը» դարձել է լավ ավանդույթ:
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի համաժողովին մասնակցելու են պատվիրակներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, ինչպես նաև եվրոպական երկրներից:
«Առաջին «ԱրմԹեքը» տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Համաժողովը մեկ տարի տեղի է ունենում ԱՄՆ-ում, մյուս տարի՝ Հայաստանում: Այս տարի համաժողովի հիմնական թեման կիբեռանվտանգության խնդիրներն են»,- նշեց Վահան Մարտրոսյանը:
ՀՀ Կառավարությունը կարևորում է «ԱրմԹեք» համաժողովը՝ որպես Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ:
Ամեն տարի «ԱրմԹեք» համաժողովին մասնակցում են հեղինակավոր բանախոսներ, անցկացվում են զուգահեռ ընթացող նիստեր տարբեր կարևորագույն հարցերի քննարկման համար: Վերազգային հայտնի խոշորագույն ընկերությունների ղեկավարները հանդես են գալիս՝ որպես խոսնակներ, առաջարկում տարբեր թեմաներ մտքերի փոխանակման համար: Այս տարի համաժողովը կունենա մոտ 200 մասնակից:
«Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր խոսքում շեշտեց այն փաստը, որ ամեն տարի Հայաստանն այս համաժողովում ունի նոր ասելիք.
«Մեկ տարի համաժողովը լինում է Հայաստանում, մյուս տարի՝ Սիլիկոնային հովտում; Մտավախություն ունեինք, որ մեզ պես փոքր երկրի համար ճոխություն կլինի 2 տարին մեկ նման համաժողով անցկացնելը: Յուրաքանչյուր համաժողովում պետք է ունենա նոր ասելիք, նորարարական հարթակներ, ինչպես նաև թարմացված տեղեկատվություն: Արդեն 10-րդ տարին է, և հիմա իրոք կա շատ ասելիք»,- ասաց նա:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ այս տարի համաժողովի համար ընտրվել է շատ կարևոր թեմա՝ կիբեռանվտանգությունը:
Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ մեկ օր տևող համաժողովի ընթացքում կքննարկվի կիբեռանվտանգության հարցը, և ներկաները կփորձեն հասկանալ, թե ինչպես է աշխարհում ընկալվում կիբեռանվտանգության խնդիրը, ինչ լուծումներ են առաջարկվում և ինչ ռազմավարություն է մշակվում.
«Այս տարի շատ աջակիցներ ունենք: Կունենանք շատ ճանաչված մասնակիցներ արտասահմանից: Ուրախ ենք, որ համաժողովն անցկացվում է կառավարության և վարչապետի աջակցությամբ»:
«ԱրմԹեքի» կազմակերպիչները նշում են, որ համաժողովի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար ստեղծել միջազգայնորեն կապեր հաստատելու հնարավորություններ և համայնքային ռեսուրսներ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի, սփյուռքի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային համայնքների միջև գործարար կապերը, ինչը կնպաստի նոր գործարար կապերի, համատեղ ծրագրերի իրականացմանը և ներդրումների ներգրավմանը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Սիրարփի Աղաբաբյան