Բաժիններ՝

«Սա ահաբեկչական գործողություն է մեր դեմ». Լիբանանահայ գործարարները բարձրաձայնում են իրենց նկատմամբ իրականացվող «հետապնդումների» մասին

Այսօր լիբանանահայ գործարար Օհաննես Ստեփանյանը և իր գործընկեր Տիգրան Եղոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ իրենց նկատմամբ ահաբեկչական գործողություններ են իրականացվում:

Նշենք, որ Օհաննես Ստեփանյանը 1985 թվականից ապրում է Երևանում, փորձում է այստեղ անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և զբոսաշրջությամբ զբաղվել:

Նա ասաց, որ որոշ ժամանակ առաջ իրենք տարբեր նամակներ են ուղղել տարբեր գերատեսչություններ՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը.

«Ստացել ենք 4 նամակների պատասխաններ, որոնցից 3-ը գրավոր է, 4-րդը՝ խոսքով: 3-ից երկուսը կարող եմ սուտ համարել, մեկը՝ չեզոք, 4-րդը՝ ահաբեկչական: Առաջին նամակը եղել է Բնապահպանության նախարարությունից: Մենք խոսել էինք այն 19-ը հէկ-երի մասին, որոնց  հետևանքով մեր կողքից անցնող գետն ընդհանրապես վերածվել է առվի, որին ի պատասխան՝ ստացել ենք, որ 19-ի փոխարեն՝ կան 9 հէկ-եր, վերջում հայտարարում են, որ ջուրը կարող է պակասել է, որովհետև կա նաև ոռոգման խնդիր:

Կարդացեք նաև

Մենք դիմել էինք նաև Մարդու իրավունքների պաշտպանին, իրենք բացատրում են, որ քանի որ ԲԷՑ-ի հետ կապված հարցը դատական պրոցեսում է, իրենք չեն միջամտում:

Մենք դիմել էինք նաև վարչապետին, բայց մեր նամակին պատասխանում է Էներգետիկայի նախարարությունը: Այդ նամակի վերջում ասվում է, որ բոլոր թերությունները, որ կային, վերացված են: Երեկ գնացինք, նորից նկարներ արեցինք, որտեղ հստակ երևում է, թե ինչ վիճակում է այդ տարածքը:

Եթե սա ընդունենք՝ որպես վարչապետի պատասխան, պարզապես տխուր է մեր պետության համար, որտեղ չկատարված գործը ներկայացնում են՝ որպես կատարված: Սա նույնիսկ մեր պետականության համար վնաս է»:

Օ. Ստեփանյանը նաև վերջին «նամակին» անդրադարձավ, որը, ըստ իրեն, «ահաբեկչական» բնույթ ունի. «Օրեր առաջ չակերտավոր պատահական ինձ հանդիպում են առևտրականներ, որ նույնպես այստեղ գործ են անում, նրանցից մեկն ինձ պատմում է, որ կար մեկ ուրիշ վաճառական, որ մի օր իրեն մի պետական պաշտոնյա ասել է՝ «եղե՞լ է արդյոք երբևէ, որ քո ավտոյի անիվը հենց այնպես, միանգամից տրաքի, եղե՞լ է, որ քո տան առաջ միանգամից հենց այնպես աղբակույտ հավաքվի», և այսպես շարունակ:

Ու վերջում ինձ ասաց՝ «եթե դրանից որևէ մեկը եղել է, ուրեմն ժամանակն է, որ երկիրը թողնեք ու գնաք»:

Մենք հայտարարում ենք, որ երկիրը չենք թողնելու ու գնալու, չնայած սրանից ավելի սարսափելի բաներ են արդեն տեղի ունեցել և շարունակում են ունենալ»:

Տիգրան Եղոյանն էլ ներկայացրեց, այն «ոտնձգությունները», որ կատարվել են իրենց նկատմամբ. «Սա ոտնձգություն չէ, սա, ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ահաբեկչական գործողություն է մեր դեմ: Գիշերը մոտավորապես 11-ի կողմերը գնացել ենք Շատին, որտեղ մեր անասնագոմերն են, երբ մեքենայով մոտենում էի գոմերին, ես նկատեցի, որ մեքենայի հետևից լույս է վառվում: Եռաֆազ հոսանքատարը միանգամից մեքենայի վրա ընկավ: Ես անմիջապես մեքենան կանգնեցրել եմ ու իջել, ամբողջությամբ մեքենայի տակը, գետինը ջուր էր ու բենզին: Մնացածը թողնում եմ ձեզ, թե ինչ է սա նշանակում»:

Տ. Եղոյանն ասաց, որ ինքը սրա մասին իրավապահներին չի հայտնել այն պատճառով, որ վստահ չէ, որ մեր իրավապահներն այս գործերին անաչառ լուծում կտան.

«Եկել եմ նույն անասնագոմեր, տեսել, որ դռան կողպեքը ջարդված է, ամբողջությամբ ներսն ավերված է, դիմել եմ ոստիկաններին, Վայոց Ձորից եկել են ոստիկանները, և ի՞նչ են ասում՝ «սա զգուշացում է ձեզ», ի՞նչ է նշանակում՝ զգուշացում:

Վերջերս երեկոյան մեր աշխատողներից զանգեցին, ասացին, որ մեր սեփական հորթերից չկան, եկել եմ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի այդ սարը, որտեղ մեր ամառային արոտավայրն է գտնվում, կես ժամ հետո զանգեցին, ասացին, որ այդ հորթն ընկած է գետնին, գնացել ենք՝ անասունի հետևի վերջույթները ջարդված էր ու երկու տեղով դանակահարված: Սա ահաբեկչություն է, ժամը 7:30-ին ես զանգել եմ իրավապահներին, հայտարարել եմ, որ նման ոտնձգություն է կատարվել, ոչ մի ոստիկան չի ժամանել:

Հաջորդ օրը նոր Ոստիկանությունը եկել է դեպքի վայր, և ի՞նչ են պնդում՝ «միգուցե գյուղացիներն են», ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ էն գյուղացին, որն անասուն է պահում, գիտի գյուղի հոգսերը, խնդիրները, ընդունակ չէ նման բարբարոսության»: Նա նաև ասաց, որ այդ դեպքից երկու օր հետո իրենց ձմեռային գոմերի վրա նկարներ են հայտնաբերել, որտեղ գրված է՝ «վաճառվում է հորթի միս»:

Հարցին, թե՝ ո՞ւմ եք կասկածում, Օ. Ստեփանյանն այսպես պատասխանեց. «Իմ խնդիրը չէ դա, մենք թշնամիներ չունենք, մենք զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, մենք ոչ մեկի դեմ պայքարի դուրս չենք եկել, ոչ մեկի թշնամի չենք համարում, մենք ընդամենը մեր տնտեսության զարգացման համար ենք աշխատում»:

Նա չունի վարկածներ, թե ով է այս ամենի հետևում կանգնած, բայց նրա խոսքով՝ իրենք շարունակելու են աշխատել, չեն թողնելու երկիրն ու գնան:

«Պատահաբար երեկ կարդում եմ, որ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ երկիրը թողնում-գնում են, որովհետև երկիրը չեն սիրում: Ո՛չ, մենք երկիրը սիրում ենք, բայց ատում ենք այն պետական պաշտոնյային, որ իր դիրքերը չարաշահելով՝ խոչընդոտում  է մարդու զարգացումն այս երկրում: Հույս ունենք, որ մի օր իրենք էլ կմիանան այդ երկիրը սիրելուն»,- հայտարարեց Օ. Ստեփանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս