Բաժիններ՝

Բանգլադեշում հանգրվանած ռոհինջա փախստականների թիվը հասել է 370 հազարի

Ռոհինջա ազգության շուրջ 370 հազար բնակիչներ են օգոստոսի 25-ից ժամանել Բանգլադեշ: Այդ մասին Ժնեւում լրագրողներին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Լեոնարդ Դոյլը: «Խոսքը վերաբերում է 370 հազար մարդու»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ Դոյլը նշել է, որ իրական թվերը կարող են անհամեմատ ավելի մեծ լինել: «Որպեսզի դուք ավելի լավ հասկանաք պատկերը, ասեմ, որ միայն սեպտեմբերի 4-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակահատվածում ժամանել է 220 հազար մարդ: Մենք չունենք այն բանի նշաններ, որ այդ հոսքը շուտով կանգ կառնի: Ընդսմին նոր ժամանածների 60 տոկոսը երեխաներ են»,-հավելել է Բանգլադեշում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ժան Լիբին:

Իրադրությունը շատ ծանր է, ընդգծել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալության մամուլի քարտուղար Էդրիան Էդվարդսը: «Անտարակույս, վիճակը շատ ծանր է: Մենք հումանիտար մուտք չունենք Մյանմայի՝ առավել տուժած շրջաններ: Նրանք, ովքեր ժամանել են Բանգլադեշ, պատմում են, որ իրենց տներն ու գյուղերը հրկիզված են, ինչն էլ ստիպել է նրանց լքել այդ շրջանները: Ոմանք պատմում են, որ իրենց ընտանիքների անդամները այրվել են, սպանվել կամ գնդակահարվել: Շատերը փախել են ջունգլիներով ու լեռներով»,-նշել է նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 13-ին քննարկելու է Մյանմայի իրադրությունը: Դրան նվիրված նիստ են պահանջել Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան, ինչի մասին հայտնել էՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը: «Մենք պահանջել ենք, որ սեպտեմբերի 13-ին պաշտոնական բանավեճ անցկացվի Անվտանգության խորհրդում»,-ասել է Ռայքրոֆթը եւ հավելել, որ կոնսուլտացիաները կկայանան փակ ձեւաչափով:

Մյանմայի Ռաքայի նահանգում մուսուլման ռոհինջաների եւ նահանգի՝ բուդդայականություն դավանող տեղաբնիկների միջեւ հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ: Վերջին ժամանակներս տեղի է ունեցել հակամարտության էսկալացիա: Զինվորականներն ու անվտանգության ուժերը օգոստոսի վերջից գործողություն են իրականացնում մուսուլման զինյալների դեմ: Գործողությունն սկսվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 25-ին զինյալները Ռաքայի նահանգում լայնածավալ գրոհ ձեռնարկեցին ոստիկանական պահակակետերի եւ բանակային զորանոցների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս