Բաժիններ՝

Թայվանում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը

Սեպտեմբերի 10-13-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում է ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress in Information Technology – WCIT):

WCIT-ը, որը ստացել է նաև ՏՏ ոլորտի օլիմպիադա անվանումը, բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների, նշանավոր գիտնականների համար:

WCIT-ին արդեն 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունը: Այս տարի Հայաստանը ներկայացնում են՝ WCIT 2019-ի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Լևոն Բաբայանը, WCIT 2019 խորհրդատու Աննա Թովմասյանը, ԻՏՁՄ պրոյեկտ մենեջեր Արթուր Ավետիսյանը, ԻՏՁՄ անդամներ՝ «Ինստիգեյթ դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ խորհրդատվականի» տնօրեն Աննա Գևորգյանը և «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Լևոն Բաբայանը ողջունել է WCIT2017-ի կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա հրավիրել ներկաներին Հայաստան՝ 2019 թ.-ին միևնույն համաժողովին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ WCIT-ը WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թ.-ից: Համաշխարհային համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Դեռևս 2014 թ.-ին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակում մասնակցության հայտ է ներկայացրել և ստանձնել 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը: Իսկ 2015 թ. ՀՀ կառավարության հետ համատեղ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր: 2019-ին համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս