«Լիդիան Արմենիա» ընկերությունը և Լիտվայի Հանրապետության դեսպանությունը անդրադարձիչներով պայուսակներ բաժանեցին Ամուլսարի հարակից համայնքների աշակերտներին
Սեպտեմբերի 5 ին և 6-ին Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցառումներ անցկացրեցին Ամուլսարի ազդակիր համայնքների 6 դպրոցների աշակերտների համար:
Եվրոպական փորձն Ամուլսարի հարակից համայնքներում ներդնելու ծրագիրը «Լիդիան Արմենիան» իրականացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ համատեղ արդեն երկրորդ տարին՝ սեպտեմբեր ամսին հանքի հարակից համայնքներում ճանապարհային անվտանգությանը նվիրված հատուկ միջոցառում կազմակերպելով և երեխաներին երթևեկության կանոններին իրազեկելով։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը և Լիտվայի ճանապարհային ադմինիստրացիայի էքսպերտները:
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը միջոցառման ժամանակ ասաց, որ ծրագիրը, որն իրենք Լիտվայի դեսպանատան հետ արդեն երկրորդ տարին են իրականացնում, աշակերտներին ուսուցանում է ճանապարհային անվտանգության մասին. «Այսօր մենք բաժանելու ենք պայուսակներ, բայց սա միայն պայուսակ բաժանել չէ, սա տեղեկացնել է աշակերտներին ճանապարհային անվտանգության մասին, այս պայուսակներն ունեն անդրադարձիչներ, որոնք մթության մեջ թույլ կտան տեսանելի լինել աշակերտներին և անվտանգ պահել նրանց փողոցում»:
Հ. Ալոյանն ասաց, որ այս գաղափարը ծագել է Լիտվայի դեսպանի մոտ, իրենք էլ միանգամից միացել են. «Որովհետև «Լիդիան Արմենիա» ընկերությունը շատ մեծ տեղ է տալիս աշխատանքային անվտանգությանը, մեզ համար շատ կարևոր է մեր աշխատակիցների անվտանգությունը, և այդ իսկ նպատակով մենք ուզում ենք փոխանցենք մեր ունեցած չափանիշերը անվտանգության հետ կապված՝ նաև համայնքներին: Նման առաջարկն ընդունվեց, և արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացնում ենք: Առաջին տարին մենք ծրագիրն իրականացրեցինք Ջերմուկ և Կեչուտ համայնքներում, այս տարի մենք կիրականացնենք նաև Գորայքում և Սարավանում: Բաժանվելու են այնքան պայուսակներ, ինչքան աշակերտ ունենք Գորայքում և Սարավանում, ինչպես նաև՝ Ջերմուկ և Կեչուտ համայնքների բոլոր առաջին դասարանցիներին»:
Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուրախ է, որ արդեն 4-րդ տարին է՝ Լիտվայի դեսպանատունը Հայաստանում Լիտվայի ավտոմոբիլային ճանապարհների ղեկավարության հետ մասնակցում է Հայաստանի ճանապարհային անվտանգության միջոցառումներին:
«Հենց սկզբից էլ մենք մտածում էինք, որ կարող ենք ինչ-որ բանով օգնել Հայաստանին, հատկապես՝ դպրոցներում, մանկապարտեզներում երեխաներին անվտանգության զգացողության ուսուցման առումով, դրա համար ինձ համար հատկապես հաճելի է այցելել մարզային դպրոցներ, որտեղ երևում է, որ երեխաներն ուրախանում են, ընդունում են այդ ամենը շատ բնականորեն: Անկախությունից հետո մեր ստատիստիկան շատ տխուր էր՝ տարեկան 1200 մարդ էր մահանում ճանապարհներին: Այս տարի մենք, ցավոք, ունենք 120 մահացածներ, բայց եթե համեմատում ենք այդ երկու թվերը, տեսնում ենք, որ 10 անգամով կրճատվել են դեպքերը: Դրա համար այն, ինչ մենք այստեղ կանենք, կարծում եմ՝ շատ մեծ ծրագիր է: Շատ շնորհակալ եմ «Լիդիան Արմենիային», որն արդեն 2-րդ տարին է՝ մեզ հետ է»,- նշեց դեսպանը:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում՝ Ամուլսարի տարածքում՝ 2006 թվականից սկսած: ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը: 2016 թվականին ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը՝ այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ընթացքում է: Այս պահին Ամուլսարի հանքավայրում ընթանում են հանքի շինարարության աշխատանքները, որը տևելու է մինչև 2018 թվականի գարուն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: