ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն այլևս հնարավոր չեն. Ֆրանսիայի կառավարություն
Թուրքիայի ներկա իրդարությունը թույլ չի տալիս շարունակել բանակցությունները Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստոֆ Կաստաները:
«Մի բան կարելի է հաստատ ասել. Թուրքիայի քաղաքական իրադրությունն այսօր թույլ չի տալիս դիտարկել բանակցությունների, կարծիքների, ակնկալիքների փոխնակման շարունակումը՝ հաշվի առնելով մեր ներկա դիրքորոշումները Թուրքիայի հետ ինտեգրման ուժեղացման վերաբերյալ»,- ասել է Կաստաները France Inter ռադիոկայանի եթերում:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Եվրոպայի եւ Թուրքիայի ընդհանուր երկխոսությունն անհրաժեշտ է շարունակել, սակայն « ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն ամեն դեպքում կասեցված են»: «Սա է այսօրվա իրողությունը»,- հավելել է Կաստաները:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է հաջորդ գագաթնաժողովում քննարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցումը: «Ես ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովում կառաջարկեմ քննարկել Թուրքիայի հետ ապագա հարաբերությունները, այդ թվում՝ այն հարցը, որ հետաձգվեն կամ դադարեցվեն հանրակցությանը նրա անդամակցության բանակցությունները»,-ասել է Մերկելը:
ԳՖՀ-ի կանցլերն ընդգծել է, որ ԵՄ-ի անդամ երկրները պետք է համախմբվածություն դրսեւորեն այդ հարցում: «Տարօրինակ կլիներ, եթե մենք Եվրամիությունում գժտվեինք նախագահ Թայիփ Էրդողանի աչքի առաջ»,-ասել է Մերկելը:
Նա նշել է, որ «Թուրքիայում իրադարձությունների զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում»: Նրա խոսքով՝ երկիրն «ավելի արագ ու ավելի շատ է հեռանում իրավական պետության նորմերի ուղուց», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: